BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության տիեզերական ծրագրերին։ Տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգել է Starship V3 հսկա հրթիռի հերթական արձակումը։ Մասնագետների և պարբերականի գնահատմամբ, սակայն, փորձարկման հետաձգումը չի փոխել Մասկի ռազմավարական նպատակը՝ մարդուն Լուսին, ապա նաև Մարս հասցնելու գաղափարը կյանքի կոչելը։
Աշխարհի ամենախոշոր և ամենահզոր հրթիռի՝ Starship V3-ի հերթական փորձարկումը պետք է տեղի ունենար Տեխասի Starbase տիեզերակայանից։ Սակայն, ինչպես հայտնում է BBC-ն, մեկնարկից առաջ ի հայտ եկած տեխնիկական խնդիրների պատճառով արձակումը հետաձգվել է առնվազն մեկ օրով։
124 մ բարձրությամբ նոր սերնդի Starship-ը նախորդներից ավելի մեծ է, համալրված արդիականացված շարժիչներով։ Նախագծողների պնդմամբ՝ դրանք ապահովում են ավելի մեծ քարշուժ և թույլ են տալիս հավակնել ավելի բարդ առաքելությունների։
Սպասվող փորձարկումը Starship ծրագրի 12-րդ թռիչքն է լինելու։ Մասնագետները հայտնել են, որ այն կրկին ենթաօրբիտալ բնույթ է ունենալու, այսինքն՝ հրթիռակիրը և վերին հատվածը վերահսկվող վայրէջք են կատարելու օվկիանոս։ Փորձարկվող համակարգը, սակայն, այս անգամ զգալիորեն վերափոխվել է։ BBC-ն փոխանցում է ընկերության ներկայացուցիչների դիտարկումները։
«Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, Starship-ը կարող է տիեզերագնացներին հասցնել Լուսնի մակերևույթ NASA-ի «Արտեմիս-4» առաքելության շրջանակում։ Այն նախատեսվում է 2028 թվականին։ Մինչև այդ՝ Starship-ը դեռ պետք է անցնի բազմաթիվ փորձարկումներ, քանի որ այն լիարժեք ուղեծրային թռիչք դեռևս չի կատարել»։
Խոսքը NASA-ի երկարաժամկետ լուսնային ծրագրի մասին է, որի նպատակը մարդուն կրկին Լուսին վերադարձնելն է։ Մասնագետների գնահատմամբ՝ հենց այս ծրագրի հաջողությունից է կախված մարսյան առաքելությունների ճակատագիրը։
Մասկի հավակնությունները ոչ միայն տիեզերքում են, այլև երկրագնդի վրա։ Նրա վերահսկողության տակ են նաև Starlink արբանյակային ինտերնետային համակարգը, xAI արհեստական բանականության ընկերությունը և X սոցիալական հարթակը․ վերջինը նախկինում հայտնի էր Twitter անունով։
SpaceX-ը միաժամանակ պատրաստվում է ամերիկյան ֆոնդային շուկա դուրս գալուն՝ ամենախոշոր հրապարակային բաժնետոմսերի տեղաբաշխմամբ։ BBC-ն այս առիթով գրում է․
«SpaceX-ը գնահատվում է շուրջ 1,25 տրլն դոլար։ Մասկի բաժնեմասը կարող է գերազանցել 600 մլրդ դոլարը։ Հրապարակային բաժնետոմսերի նոր տեղաբաշխումը կարող է էլ ավելի մեծացնել միլիարդատիրոջ կարողությունը, որն առանց դրա էլ աշխարհի ամենահարուստ մարդն է»։
Սակայն ընկերության ֆինանսական վիճակն այնքան էլ միանշանակ չէ։ Անցած տարի այն միլիարդավոր դոլարների եկամուտ է ունեցել, բայց նաև զգալի վնասներ կրել։ Ամենածախսատարը եղել են արհեստական բանականության և տվյալների մշակման ուղղությունները։ Վենչուրային ներդրող և տեխնոլոգիական շուկայի փորձագետ Ռութ Ֆոքս-Բլեյդերը BBC-ին հետևյալն է փոխանցել.
«Նման մասշտաբի նախագծի դեպքում զարմանալի չէ, որ ընկերությունն այս փուլում վնասներով է գործում։ Այսպիսի տեխնոլոգիական նախագծերը պահանջում են հսկայական ներդրումներ և երկարաժամկետ ռազմավարություն։ Ներդրողները սովորաբար հասկանում են, որ արագ շահույթն այստեղ առաջնային նպատակ չէ»։
Միաժամանակ, ընկերությունը դատական գործընթացների մեջ է։ Դրանց մի մասը կապված է xAI-ի ստեղծած Grok չաթբոթի գործունեության հետ, որը, ըստ հայցվորների, օգտագործվել է արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ պատկերներ և տեսանյութեր պատրաստելու նպատակով։ Կան նաև հեղինակային իրավունքի, տվյալների պաշտպանության և ԵՄ բովանդակության վերահսկման կանոնների խախտման վերաբերյալ հայցեր։
Սակայն նույնիսկ այդ ֆոնին Իլոն Մասկը շարունակում է խոսել ապագայի առավել հավակնոտ ծրագրերի մասին՝ տիեզերական արդյունաբերությունից մինչև Լուսնի և Մարսի վրա էներգիայի արտադրություն։
«Ընկերությունն ապագայում դիտարկում է աստերոիդներից օգտակար հանածոների արդյունահանման, ուղեծրում արդյունաբերական արտադրության կազմակերպման, ինչպես նաև Լուսնի և Մարսի ուղղությամբ մարդատար ու բեռնատար թռիչքներ կատարելու ծրագրերը»։
BBC-ն նկատում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով հրթիռի արձակման հետաձգումը Իլոն Մասկի մեծ նպատակը չի փոխվել․ նրա նախագծերը շարունակում են մնալ ժամանակակից տեխնոլոգիական աշխարհի ամենահավակնոտ և միաժամանակ ամենավիճահարույց նախաձեռնությունները։