««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթով Կառավարությունը նպատակ ունի արմատապես բարեփոխել բնապահպանական կառավարման ոլորտը եւ ապահովել Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարումը, հատկապես 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (ԿՈՊ 17) նախաշեմին: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 22-ի նիստում ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ներկայացնելով վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության փոփոխությունները:
Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթով ներդրվում է նոր ինստիտուտ, որը համայնքներին հնարավորություն կտա ստեղծել եւ կառավարել բնության հատուկ պահպանվող տարածքներ (օրինակ՝ Երեւան քաղաքում նախատեսվում է նոր կանաչ տարածքների ստեղծում): Սահմանվում է բնության հուշարձանների կառավարման հստակ գործիքակազմ: Մրցութային կարգով թույլատրվում է համայնքներին եւ իրավաբանական անձանց կառավարել հուշարձանները, իսկ հողամասերը կառուցապատման իրավունքով կտրամադրվեն բացառապես ներդրումային ծրագրերի համար:
Նախատեսվում է նաեւ ներդնել նոր կարգավորումներ էկոմիջանցքների, բուսաբանական այգիների, անտառպարկերի եւ դենդրոպարկերի համար:
Առաջաին ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է այն քննարկել հատուկ ընթացակարգով: