ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին ստացել է դատախազության միջնորդությունը՝ 2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը։
Միջնորդության վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել, այն կքննարկվի հանձնաժողովի այսօրվա նիստում՝ դռնփակ եղանակով։ Նիստը կանցկացվի 17։00-ին, որից հետո որոշումը կհրապարակվի։
Ավելի վաղ ԿԸՀ-ի խոսնակը հայտնել էր, որ հանձնաժողովը նման միջնորդություն դեռ չի ստացել։ Ըստ գործող կարգավորումների՝ նախընտրական շրջանում պատգամավորի թեկնածուն ունի անձեռնմխելիություն, և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է ԿԸՀ-ի համաձայնությունը։
Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ և խուզարկություն են իրականացրել Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության երևանյան գրասենյակում։ Խուզարկությունը կատարվում է պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Քննչական գործողություններին ներկա է եղել նաև Անդրանիկ Թևանյանը։