Փոփոխություններ ընդերքին վերաբերող օրենսգրքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքումե»նախատեսվում են փոփոխություններ, որոնք էապես կթեթեւացնեն քաղաքացիների եւ տնտեսվարողների համար ընդերքօգտագործման հետ կապված վարչական եւ ֆինանսական բեռը: Նախագիծը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 22-ի նիտին ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:

Փոխնախարարի խոսքով՝ գործող օրենսդրությամբ՝ անգամ փոքրածավալ, ոչ արդյունաբերական նպատակներով հանածոների արդյունահանումը պահանջում է ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորում, ինչը փոքր նախագծերի համար ծախսատար է եւ հաճախ տնտեսապես անարդյունավետ: Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ սեփական հողամասերի սահմաններում իրականացնել ոչ մետաղական հանածոների արդյունահանում առանց հատուկ իրավունքի ձեւավորման՝ հետեւալ պայմաններով.

Տնտեսական եւ կենցաղային նպատակներ. Սեփական տնտեսական կարիքների բավարարման համար՝ մինչեւ 2 մետր խորությամբ, իսկ ստորգետնյա կառույցների շինարարության դեպքում՝ մինչեւ 5 մետր խորությամբ:

Փոքրածավալ ձեռնարկատիրություն. Շահույթ հետապնդող գործունեության դեպքում՝ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 20 խորանարդ մետր ծավալով:

Շինարարական հանույթի տնօրինում. Բազմաբնակարան շենքերի եւ հասարակական շինությունների կառուցման ժամանակ հիմքերի փորման արդյունքում առաջացած հանույթը (հող կամ քար) կառուցապատողներին կթույլատրվի տնօրինել ազատորեն՝ նախագծային փաստաթղթերով սահմանված խորության շրջանակներում:

Ըստ Ասատուր Վարդանյանի՝ փոփոխությունները միտված են աջակցելու համայնքներում ավանդաբար իրականացվող փոքրածավալ գործունեությանը, որոնք ունեն սոցիալական եւ տնտեսական նշանակություն: Օրենսդրական նախաձեռնությունը նաեւ կլուծի կառուցապատման ոլորտում առկա իրավական այն բացը, որը մինչ այժմ խոչընդոտում էր կառուցապատողներին արդյունավետորեն տնօրինել շինարարության ժամանակ առաջացող հողային զանգվածը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնվազեցնի բյուրոկրատական քաշքշուկները եւ կխթանի տեղական տնտեսական ակտիվությունը՝ պահպանելով ընդերքի պաշտպանության անհրաժեշտ չափանիշները:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Leave a Comment