ԱՄՆ-ը հաստատել է HAWK հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի աջակցության սարքավորումների և ծառայությունների 108.1 միլիոն դոլարի հնարավոր վաճառքը Ուկրաինային, ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ Կիևի իշխանությունները խնդրել են հնարավորություն ընձեռել գնելու ՀՕՊ համակարգերի բաղադրիչներ, պահեստամասեր, արդիականացման և սպասարկման աջակցություն, ինչպես նաև սարքավորումների վերանորոգման և վերադարձման ծառայություններ։ Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 108.1 միլիոն դոլար։
«Սիեռա Նևադա» կորպորացիան կլինի գլխավոր կապալառուն։ Հայտարարության մեջ նշվում է, որ գործարքը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին և չի փոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Ավելին, Պետդեպարտամենտը կարծում է, որ գործարքը բացասաբար չի ազդի ԱՄՆ զինված ուժերի մարտունակության վրա։