
Իսրայելի հանրային «KAN» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից՝ «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար, երբ Հայաստանի մասին լրատվական հատվածում սխալմամբ ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը։
Միջադեպից հետո Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում էր պահանջել իսրայելական գործընկեր հեռարձակողից՝ տեղի ունեցածը գնահատելով որպես անթույլատրելի սխալ։
Ի պատասխան՝ «KAN»-ի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին՝ ներկայացնելով կատարվածի վերաբերյալ պարզաբանումը։ Նամակում նշվում է, որ հեռուստաընկերության լրատվական բաժնի իրականացրած քննության արդյունքում պարզվել է՝ տեղի ունեցածը բացառապես տեխնիկական-գրաֆիկական սխալ է եղել և որևէ վատ մտադրություն չի պարունակել։
«Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որ կարող էր առաջանալ»,- ասված է նամակում։
