Աշխարհը՝ պատկերված կենսաբանի ինքնատիպ ձեռագրով




Սկզբում ոգեշնչվելով հայրենի Գորիսի բնությունից, ապա մասնագիտությունից  ելնելով մանրազնին ուսումնասիրելով բնության ներքին կառուցվածքը՝ Էլիդա Սարգսյանն ստեղծում է մանրակրկիտ մշակված հորինվածքներ` ուսումնասիրելով տեսանելիի և թաքնվածի միջև սահմանները։


 


 Աշխատանքները ներծծված են կենսական էներգիայով և դինամիկ գունային համադրություններով, ինչը բնորոշ է բնության համապարփակ գեղեցկությունը փոխանցել ձգտող արվեստագետի էությանը:


 


Չունենալով նկարչական կրթություն՝ նա կարողանում է պատկերել աշխարհը կենսաբանի ինքնատիպ ձեռագրով:


 


 Աշխատանքները հիմնականում արված են շերտանկարչությամբ,  օգտագործված է յուղաներկ և հյուսվածքային մածուկ: Իր ստեղծագործական գործունեությունը սկսելով առարկաների իրական պատկերումից` նկարչուհին անցում է կատարում դեպի տեսանելի իրականության ընկալումից հեռացման, կարևորելով ձևը, գույնը և գիծը:


 


«Գորիս» աշխատանքը նկարչուհու ծննդավայրի վերարտադրությունն է, խոշոր լեռնազանգվածների և խաղաղ երկնքի միաձուլում, որ տեսանելի է միայն Գորիսի լեռներում:


 


Ծաղիկների բազմաշերտ աշխարհի ներկայացում են «Amarilis», «Վարդակակաչներ», «Շուշաններ», «Ծաղիկների պար», «Իրիկներ» և այլ մի քանի այլ ստեղծագործություններ: «Մտորումներ» կտավում ստեղծվում է մարդկային գիտակցության ճարտարապետություն:


 


Կենսունակ գծերի միահյուսումը պարզապես քաոս չէ, այլ ներքին պայքարի, կաշկանդող վախերի և ապրումների թակարդի համակեցություն մեկ տարածքում:  «Լիալուսին» ստեղծագործության կենտրոնում ոսկե սկավառակն է, որը կարծես շրջանակված լինի գայլի ոսկե ուրվապատկերով: Երկու կտավներից բաղկացած  «Ճախրանք» աշխատանքը դիտողին հրավիրում է ընկղմվելու գոյության կառուցվածքի մեջ: Բաղկացած բազմաթիվ փոքր հատվածներից, այն հիշեցնում է մեզ, որ ամեն մեծ բան, հյուսված է պահերից, հիշողություններից և պատահական հպումներից: «Դեպի երազանք»-ը մարդկային ձգտման տեսողական արտահայտում է: Հաղթահարման և ներքին որոնումների փոխհարաբերությունը մարմնավորված է բարդ և բազմաշերտ հյուսվածքների մեջ:


 


Կտավի կենտրոնով անցնող լույսը հենց այն ճանապարհն է, որով անցնում է մեզանից յուրաքանչյուրը փորձառության, կասկածի և ժամանակի շերտերի միջով: Ավելի մուգ եզրերը ուշադրությունը հրավիրում են կենտրոնական լույսի վրա, իսկ տեղ-տեղ օգտագործված կապույտը  թույլ չի տալիս դիտողին զգալ իրեն  տարածության մեջ փակված՝ ավելացնելով ազատության զգացողություն։


 


  «Անուրջներ» աշխատանքը դիտողին հրավիրում է իրականության և երևակայության միջև ընկած տարածություն: Խճանկարային պատկերի վրա վերդրված ցանցային կառուցվածքը հիշեցնում է հիշողության բնույթը. մեր երազանքները հյուսված են անթիվ փոքր մասնիկներից:


«Հնչեղ եռագրություն» աշխատանքը տեսողական «սիմֆոնիա» է` ներկայացված երեք գործողությամբ:


 


Այստեղ «լսվում են» գույների հնչյունները, իսկ վրձնահարվածների վառ հյուսվածքները փոխանցում են ուրախության և ոգեշնչման հնչեղ էներգիան:


 


 «Որոնում» ստեղծագործության մեջ ականատես ենք լինում մանր մասնիկների որոնումներին: Այն ցույց է տալիս, որ տիեզերքի ամենաբարդ համակարգերը, հաճախ կառուցված են ամենապարզ կրկնվող տարրերից: Հարկավոր է միայն որոնել և գտնել մեզ համար նախատեսված վայրը:


 «Զրույց» աշխատանքը մարդկային հաղորդակցության խորը ուսումնասիրություն է` արտահայտված կետանկարչության միջոցով: Չորս կերպարների ուրվագծերը հայտնվում են կտավի վրա և նրանցից յուրաքանչյուրը հյուսված է հազարավոր վառ մասնիկներից: Կերպարների համար ընտրված վառ և հակադիր գույները ընդգծում են երկխոսության մասնակիցների անհատականությունն ու խառնվածքը: «Մարդկության օրրան» կտավում յուրաքանչյուր կետ առանձին կյանք է, յուրաքանչյուր մասնիկ` սերունդների անվերջ շղթայի մի օղակ: Աշխատանքը դիտողին հնարավորություն է տալիս հայացք նետել պատմության հորիզոնից անդին, որտեղ բազմաթիվ ճակատագրերից ծնվել է ընդհանուր «մենքը»:


«Կյանքի շղթա» ստեղծագործության կենտրոնում նարնջագույն լուսատուն է, որ կենսունակության խորհրդանիշն է: Ծածկող «շղթաները» բոլոր կենդանի էակներին կապում են մեկ ամբողջության մեջ` հատման կետերում դառնալով ճակատագրի հանգույցներ: «Արևաշող» աշխատանքում արևի նարնջագույն ճառագայթները ճեղքում են խորը սևը, և մտնում անընդհատ շարժման մեջ:


 


 «Անվերջություն» կտավում լույսի և խավարի բախում է: Ենթագիտակցական ստվերները մխրճվում են ոսկեգույն հոսքի մեջ, և ստեղծում անվերջության զգացում: Նկարչուհու արվեստի մասն են կազմում մեկ տասնյակից ավելի այլ աշխատանքներ, որ բացահայտում են կյանքի ամենատարբեր կողմեր:


 


Արվեստաբան` Կարինե Հովհաննիսյան


***


Մայիսի 14-ին, Նկարիչների միությունում բացվել է Էլիդա Սարգսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։


Մուտքն ազատ է :


Leave a Comment