Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել  է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ ՀՑԹԻ-ի ֆրանսախոս գիդ Հասմիկ Մարտիրոսյանը Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանն ուղեկցել է Հուշահամալիր՝ ներկայացնելով կառուցման պատմությունը:

Պարոն Ստեփան Բոդեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այնուհետև հյուրերը մոտեցել են Հուշապատին, որտեղ զետեղված են Հայոց ցեղապասնության դեմ բողոքի ձայն բարձրացրած մի շարք մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Էքսկուսավար Հասմիկ Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրել է նրանց պատմությունները՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ֆրանսիացիներ Անատոլ Ֆրանսի և Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեությանը:

Պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, իսկ այցի ավարտին պարոն Ստեփան Բոդեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

Leave a Comment