Անգլիական «Սանդերլենդը» ամենամյա պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ ամփոփել է 2025/26 թթ․ մրցաշրջանը: Հայ մարզասերների համար միջոցառման ամենաուշագրավ ու կարևոր իրադարձությունը Հայաստանի ազգային հավաքականի 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանի նվաճումն էր։
Հայ ֆուտբոլիստը պաշտոնապես ճանաչվել է «Սանդերլենդի» Մինչև 21 տարեկանների թիմի մրցաշրջանի լավագույն խաղացող՝ իր գրանցած փայլուն ելույթների ու մեծ առաջընթացի համար։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա հարձակվողը Մ-21 թիմի կազմում հասցրել է մասնակցել 4 տարբեր մրցաշարերի՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը:
Պրեմիեր լիգա 2-ում նա անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկությունում Գերագուսյանը մասնակցել է 5 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և 1 գոլային փոխանցում:
Այս մրցաշարում հայ հարձակվողի թիմը հասել է մինչև եզրափակիչ, որտեղ համառ պայքարում 1:2 հաշվով զիջել է «Բարնլիին», ինքը՝ ֆուտբոլիստը, վնասվածքի պատճառով ցավոք բաց է թողել այդ վճռորոշ հանդիպումը:
Բացի դրանից, նա 2 հանդիպման մասնակցել է Ազգային լիգայի գավաթում և ևս 1 հանդիպման՝ Պրեմիեր լիգայի Միջազգային գավաթում: