Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում

Նախագծի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները բացառելու, դեղերի որակի, անվտանգության եւ մատչելիության ապահովման առավել հստակ գործիքակազմի ներդրման, վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրությունը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք բացթողումներ, հակասություններ, ինչպես նաեւ տարընթերցումներ, որոնք խոչընդոտում են ոլորտի լիարժեք կարգավորմանը: Այլ փոփոխություններից բացի նախագծով առաջարկվում է օրենքի 21-րդ հոդվածում կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ՝ թույլատրելով նաեւ գրանցում չունեցող, սակայն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, ինչպես նաեւ ուռուցքաբանության մեջ կիրառվող հականեոպլաստիկ եւ իմունոմոդուլյատոր դեղերի ներմուծումը, քանի որ ՀՀ հիմնական դեղերի ցանկում միայն գրանցված դեղերի առկայությունը հնարավոր չէ ապահովել առնվազն այն պատճառով, որ գրանցումն ունի սահմանափակ ժամկետ: Բացի այդ, բազմաթիվ են դեպքերը, երբ գրանցված դեղը երկարաժամկետ չի ներմուծվում եւ առկա չէ շուկայում: Միաժամանակ առաջարկվում է հստակեցնել ներմուծման հավաստագրի տրամադրումը մերժելու հիմքերը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում առավել հստակ եւ համապարփակ կանոնակարգելու դեղերի շրջանառության ոլորտը՝ ապահովելով նաեւ դեղերի որակը, անվտանգությունը, մատչելիությունն ու անխափան մատակարարումը:

Աստղիկ Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են անվճար տրամադրվող դեղերին, դրանց տրամադրման նկատմամբ դեղատների աշխատակիցների իրազեկվածության բարձրացմանը, ԵԱՏՄ-ին ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը եւ այլն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Leave a Comment