ՀՀ-ում 2025-2029 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի լավարկման, շահառուների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման, ինչպես նաև շահառուների հետաքրքրվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ծրագրի նպատակն է նպաստել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնմանը, լայնածավալ տոհմասելեկցիոն միջոցառումների իրականացմանը, տավարաբուծության աստիճանական ինտենսիվացմանը, տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը, ինչպես նաև տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում ձեռք բերվող 1 գլուխ տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային առավելագույն արժեքը սահմանել 1․1 մլն դրամ, իսկ փոխհատուցման բաղադրիչից օգտվող տնտեսավարողներին փոխհատուցել՝ յուրաքանչյուր գլխի հաշվարկային առավելագույն արժեքի կամ փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 50 %-ը։ Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման բաղադրիչից օգտվող տնտեսավարողների համար՝ մայր գումարի արտոնյալ ժամկետը սահմանել 18 ամիս, իսկ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացնել 100 %-ով, որպեսզի վարկերը շահառուին տրամադրվեն 0% տոկոսադրույքով։ Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում 2025-2029 թթ. ընթացքում պետական աջակցությամբ տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները ձեռք կբերեն շուրջ 4300 գլուխ տարբեր սեռահասակային խմբերի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ, ինչը կնպաստի անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը և կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների ավելացմանը: