«Կմնանք ԵԱՏՄ-ում այնքան, քանի դեռ չենք միացել ԵՄ-ին» մոտեցում թույլ չենք տալու. Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին ասել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ լինելը անհնար է, Մոսկվայի համար անընդունելի է ԵԱՏՄ-ի հարցում Երևանի մոտեցումը ու Հայաստանը հիմա պետք է որոշի՝ մնու՞մ է ԵԱՏՄ-ում, թե՞ գնում է ԵՄ ու իր որոշման մասին տեղյակ պահի Մոսկվային։ Հայաստանը չի կարողանա միաժամանակ պարել երկու հարսանիքի ժամանակ։

«Կմնանք ԵԱՏՄ-ում այնքան, քանի դեռ չենք միացել ԵՄ-ին» մոտեցում թույլ չենք տալու, – շեշտել է Գալուզինը ։

«Իհարկե, Մոսկվայում չեն կարող ընդունել այն գիծը, որը վարում է հայկական ղեկավարությունը… պահպանել անդամակցությունն Եվրասիական տնտեսական միությունում այնքան ժամանակ, քանի դեռ, այսպես ասած, չի անցել անդամակցության Եվրոպական միությանը։ Նման մոտեցումները մեզ համար բացարձակապես անընդունելի են», — ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։

Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետագա զարգացման փաստաթղթերը՝ մինչև 2030 թ. և մինչև 2045 թ.։ Այնտեղ հստակ գրված է՝ Հայաստանը, ինչպես միության մյուս անդամները, «պարտավորվում է թույլ չտալ գործողություններ, որոնք վտանգի տակ կդնեն Եվրասիական տնտեսական ինտեգրացիան»։

«Ռուսաստանի վերաբերմունքը հայ քաղաքացիների նկատմամբ անփոփոխ է. հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է։ Հայաստանին ԵՄ անդամակցությամբ գայթակղելը պոպուլիստական ​​կարգախոս է. նույն մարտավարությունը կիրառվել է Ուկրաինայի և Մոլդովայի դեմ։ Մոսկվան չի կարող ընդունել Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ։ ԵՄ ներկայացուցիչների մի խումբ արդեն իսկ ներկա է Հայաստանում, և նրանք միջամտում են երկրի ներքին գործերին»:

Գալուզինը նաև պաշտոնապես հաստատել է, որ Նարեկ Կարապետյանը չի հանդիսանում ու երբեք չի հանդիսացել ՌԴ քաղաքացի։

Leave a Comment