«Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիր, երգչուհի և դերասանուհի Շերը (Շերլին Սարգսյան) տոնում է ծննդյան 80-ամյակը։ Ռուսական РБК պարբերականն իր ծավալուն անդրադարձում ամփոփել է արտիստի յոթ տասնամյակ ձգվող ստեղծագործական ուղին՝ ներկայացնելով, թե ինչպես հայկական արմատներով երգչուհին երաժշտական հեղափոխություն արեց և դարձավ կանանց էմանսիպացիայի համաշխարհային խորհրդանիշ:
Դուետից դեպի մենակատարում
Շերլին Սարգսյանը՝ նույն ինքը Շերը, առաջին հանրային ճանաչումը ձեռք է բերել որպես «Սոննի և Շեր» դուետի մասնակից: Նրա բեմական և կյանքի ընկերն էր երգիչ Սոննի Բոնոն։ Նրանք հանդիպել են 1962 թվականին Լոս Անջելեսում. Շերը 16 տարեկան էր, Սոննին՝ 27: Նրանց հարաբերությունները վերածվեցին ամուսնության և ստեղծագործական համագործակցության:
Սոննին աշխատում էր պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի մոտ, որը ձևավորում էր 1960-ականների փոփ երաժշտության հնչողությունը։ Հենց Սպեկտորն էլ պրոդյուսերավորեց Շերի առաջին մեներգային սինգլը՝ «Ringo, I Love You»-ն, որը թողարկվեց Բոննի Ջո Մեյսոն կեղծանվամբ՝ զուտ ամերիկյան անվան հաշվին վաճառքներն ապահովելու նպատակով: Երգը նվիրված էր «The Beatles»-ի թմբկահար Ռինգո Սթարին: Այդ շրջանում ռադիոկայանների խմբագիրները հաճախ մերժում էին երգը հեռարձակել՝ Շերի յուրահատուկ խորը կոնտրալտո ձայնը շփոթելով տղամարդու ձայնի հետ:
«Սոննի և Շեր» դուետի հաջողությունները գրանցվեցին 1960-ականների կեսերին։ Նրանց գլխավոր հիթը՝ «I Got You Babe»-ը, ժամանակին գլխավորեց բրիտանական հիթ-շքերթները՝ հետ մղելով անգամ «The Beatles»-ին, և անգլիացի երիտասարդների շրջանում տարածեց լայն տաբատների ու մորթե ժիլետների նորաձևությունը:
Երաժշտությունից բացի, զույգն ուներ սեփական էստրադային նախագիծը՝ «Սոննիի և Շերի կատակերգության ժամը»: Շոուի հիմնական առանցքը Շերի սրամիտ ու կտրուկ կատակների և Սոննիի մեղմ կերպարի հակադրությունն էր, թեև կադրից դուրս Սոննին վերահսկում էր ողջ գործընթացը: Ամուսնու կողմից չափից ավելի վերահսկողությունն ու անհավատարմությունը հանգեցրին ամուսնալուծության և դուետի կազմալուծմանը, սակայն Շերն արդեն սկսել էր հաջող մենակատարի կարիերա:
Ֆոլկից մինչև դիսկո
1960-ականներից մինչև 1980-ականների սկիզբը Շերի մեներգային ալբոմները թողարկվում էին գրեթե առանց դադարի, երբեմն՝ տարեկան երկու սկավառակ: Նա արագ արձագանքում էր երաժշտական միտումներին. հիպիական փոփ-ֆոլկից անցավ սոուլի, ապա՝ սոֆթ-ռոքի: 1970-ականների վերջին նրա ստեղծագործության մեջ հայտնվեցին դիսկո ռիթմերը. 1979 թվականի «Take Me Home» ալբոմը մեծ հաջողություն ունեցավ և վերականգնեց նրա դիրքերը մի քանի անհաջող թողարկումներից հետո:
Շերի մեներգային աշխատանքների բնորոշ գծերից էր քավեր տարբերակների առատությունը. նա վերակատարում էր Բոբ Դիլանի, Փոլ Մաքքարթնիի, «The Ronettes»-ի, «Bee Gees»-ի և այլոց ստեղծագործությունները՝ իր ճանաչելի ձայնի շնորհիվ յուրովի ներկայացնելով ցանկացած հեղինակի գործ:
Կինոկարիերա
Շերի մուտքը կինոարդյունաբերություն հեշտ չէր։ 1967-ին Սոննիի հետ նկարահանված «Լավ ժամանակներ» երաժշտական ֆիլմը, ինչպես նաև երկու տարի անց թողարկված «Չեսթիթի» դրաման, որտեղ զույգը սեփական միջոցներից 500 հազար դոլար էր ներդրել, տապալվեցին կինովարձույթում: Այդուհանդերձ, քննադատներն արդեն նկատել էին երգչուհու դերասանական պոտենցիալը:
Կինոյում Շերի հաջողությունը գրանցվեց 1980-ականներին, երբ նա դադար վերցրեց երաժշտության մեջ: Բրոդվեյում հաջող դեբյուտից հետո հաջորդեցին դերերը կինոյում: Փիթեր Բոգդանովիչի «Դիմակ» դրամայում բայկեր մոր դերի համար նա արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին: 1987 թվականին նա միանգամից հայտնվեց երեք խոշոր ֆիլմերում՝ «Կասկածյալը», «Իստվիկյան վհուկները» և «Լուսնի իշխանությունը» (Moonstruck): Վերջինիս համար Շերն արժանացավ «Օսկար» մրցանակի՝ կնոջ լավագույն դերակատարման համար։
Անձնական կյանք և ռոք երաժշտություն
1980-ականների վերջին Շերը հայտնի էր իր էքստրավագանտ ոճով, պլաստիկ վիրահատություններով և իրենից տարիքով կրտսեր տղամարդկանց հետ հարաբերություններով (այդ թվում՝ Վել Քիլմեր, Թոմ Քրուզ, Էրիկ Շտոլց): Այս միտումը պահպանվում է նաև այժմ. նա նշանված է 39-ամյա պրոդյուսեր և ռեփեր Ալեքսանդր Էդվարդսի հետ, և զույգը մտադիր է օրինականացնել հարաբերությունները Շերի 80-ամյակի օրը:
Նույն ժամանակահատվածում Շերը վերակենդանացրեց երաժշտական կարիերան՝ թողարկելով «Cher» (1987), «Heart of Stone» (1989) և «Love Hurts» (1991) ռոք ալբոմների եռերգությունը: Դիսկոյին փոխարինելու եկան հարվածայիններն ու կիթառային հնչողությունը՝ սոֆթ-ռոքից մինչև հարդ-ռոք և գլեմ-մետալ: Երգերի համահեղինակներից էր Ջոն Բոն Ջովին, իսկ նրա կիթառահար Ռիչի Սամբորայի հետ Շերն ունեցավ սիրավեպ, որին էլ նվիրեց «Love Hurts» ալբոմը:
Վերադարձ էլեկտրոնային երաժշտությանը
1990-ականները երգչուհու համար բարդ էին. քրոնիկ հոգնածության համախտանիշի պատճառով նա հրաժարվում էր կինոյի գլխավոր դերերից և նկարահանվում գովազդներում: «It’s a Man’s World» ալբոմը ևս սառն ընդունվեց քննադատների կողմից: 1998 թվականին լեռնադահուկային հանգստավայրում դժբախտ պատահարից մահացավ Սոննի Բոնոն։
Նույն տարում թողարկվեց «Believe» ալբոմը, որը կտրուկ շրջադարձ էր դեպի տանցային պոփ, եվրոդենս և տեխնո: Ալբոմի հիմնական առանձնահատկությունը «Auto-Tune» տեխնոլոգիայի կիրառումն էր: 1997-ին ստեղծված այս ծրագիրը նախատեսված էր վոկալի թերությունները հարթելու համար, սակայն Շերի երգում այն օգտագործվեց որպես գեղարվեստական հնարք (ստանալով «Շերի էֆեկտ» անվանումը): «Believe»-ը գլխավորեց ԱՄՆ հիթ-շքերթները, դարձավ տարվա ամենավաճառվող սինգլը և արժանացավ «Գրեմմի» մրցանակի՝ հեղափոխություն անելով երաժշտական ինդուստրիայում, ինչը հետագայում փոխեց նաև ռեփ երաժշտության դեմքը։
Ոճի պատմություն
21-րդ դարում Շերը շարունակեց ակտիվ գործունեությունը. թողարկեց նոր ձայնագրություններ, հանդես եկավ «Բուրլեսկ» և «Mamma Mia! 2» մյուզիքլներում, զբաղվեց հանրային ակտիվությամբ, գրեց հուշագրություններ և ընդգրկվեց Ռոքնռոլի փառքի սրահում:
Յոթ տասնամյակ ձգվող կարիերայի ընթացքում նա բազմիցս փոխել է ժանրերն ու ոճերը: 2026 թվականի մայիսի սկզբին Շերը ներկայացավ «Met Gala» նորաձևության երեկոյին՝ կրելով էքստրավագանտ կաշվե բաճկոն և թափանցիկ տարրերով հանդերձանք։
Այժմ երգչուհին աշխատում է հուշագրությունների երկրորդ մասի վրա, պատրաստվում է ամուսնությանը և ձայնագրում նոր ալբոմ, որը նախատեսում է որպես իր եզրափակիչ երաժշտական հավաքածու։
