Նոր կարգավորումներ` ուղղված ԵՄ երկրներ ձուկ եւ ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանը

2025 թվականի ապրիլից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների, մասնավորապես թեփուկավոր ձկների եւ դրանց արտադրանքը արտահանելու Եվրոպական միության երկրներ: Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն` ձուկ եւ ձկնամթերք արտահանող տնտեսավարողները Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու դեպքում պետք է հայտ ներկայացնեն` Եվրոպական միության Առեւտրի  վերահսկման եւ փորձագիտական (TRACES) համակարգում գրանցվելու համար: Օրենքների նախագծերով վերոնշյալ համակարգում գրանցման լիազոր մարմին է սահմանվել Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ): Համակարգում գրանցվելու նպատակով տնտեսավարող սուբյեկտը դիմում է տեսչական մարմնին, ստուգման եւ ԵՄ կանոնակարգերով հաստատված պահանջներին համապատասխանելու դեպքում ՍԱՏՄ-ն տնտեսավարող սուբյեկտի տվյալները գրանցում է համակարգում եւ ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը:

Վերոնշյալ կարգավորումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ելնելով որոշակիության սկզբունքից՝ իրավական ակտերը, նաեւ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգերով սահմանված պահանջները ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դարձնելու նպատակով սահմանվում են համապատասխան լիազորող նորմեր:

Օրենքների նախագծերի ընդունումից հետո հնարավոր կլինի մշակել եւ ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագծերի փաթեթը, որով ազգային օրենսդրությամբ կտեղայնացվեն Եվրոպական միության կանոնակարգերի պահանջները: Դա երաշխիք կլինի միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում Եվրոպական միության երկրներ ձուկ եւ ձկնամթերք արտահանելու հարցում:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Leave a Comment