
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռիում քարոզարշավը սկսեց քաղաքական հակառակորդներին ուղղված քննադատությամբ: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ասաց՝ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին»:
«Որովհետև էդ Գուլոյան-Ծառուկյան [Խոսքը Կոտայքի նախկին մարզպետ, Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի մասին է-խմբ.] մաֆիայի մախինացիան բացահայտվել է և ՀՀ կառավարությունն արդեն գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման, և առաջիկայում՝ շատ արագ, մենք ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, թե այս պահից սկսած գործարանի աշխատակիցները «Ծառուկյանի և Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, քանի որ նրանց գործատուն այլև Հայաստանի Հանարապետությունն է»:
ԲՀԿ առաջնորդը դեռևս չի արձագանքել վարչապետի այսօրվա հայտարարությանը, ավելի վաղ պնդել է, որ քարոզարշավն անցնում է վախի, աշխատանքից ազատելու սպառնալիքների ներքո: