
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին, եթե դիվանագիտական ջանքերը չհանգեցնեն Թեհրանի հետ համաձայնություն ձեռք բերելուն:
Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներն իրեն խնդրել են հետաձգել հարձակումը՝ պնդելով, թե կկնքվի համաձայնագիր, որը «շատ ընդունելի» կլինի ԱՄՆ-ի համար:
Հարցին, թե որքա՞ն ժամանակ է տալիս Իրանին՝ համաձայնության հասնելու համար, նախագահը պատասխանել է՝ «երկու կամ երեք օր»։
«Գուցե ուրբաթ, շաբաթ, կիրակի, գուցե գալիք շաբաթասկիզբ, – ասել է Թրամփը՝ հավելելով, որ ժամանակը սահմանափակ է, քանի որ «չենք կարող թույլ տալ, որ նրանք [Իրանը] միջուկային զենք ունենան»։
Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ Իրանի դեմ նոր հարձակում արտոնելուն մեկ ժամ էր մնում, երբ նա որոշեց հետաձգել այն։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածները փետրվարի 28-ին մեկնարկեցին։ Ապրիլի 8-ից կողմերն անժամկետ հրադադարի ռեժիմում են գտնվում։
Իրանը, սակայն, շարունակում է փաստացի անանցանելի պահել համաշխարհային նավթի և գազի մատակարարումների համար կարևոր Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն, իր հերթին, շրջափակման է ենթարկում իրանական նավահանգիստները։