ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպման արդյունքներով ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալ եմ, որ նախընտրական թոհուբոհի մեջ ժամանակ եք գտել: Այսօր մեզ համար կարևոր իրադարձություն է. պատիվ ունեմ հյուրընկալելու Լիտվայի արտաքին գործերի նախարար, իմ լավ գործընկեր և բարեկամ Կեստուտիս Բուդրիսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Պարո՛ն նախարար, մենք հաճախ տարբեր հարթակներում առիթներ ունենում ենք շփվելու, բայց, իհարկե, երկկողմ այցերը և մեր մայրաքաղաքներում հանդիպելն ու հանգամանալից քննարկումներ ունենալն առանձնահատուկ հնարավորություն են առաջ մղելու մեր քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը:
Պետք է ասել, հարգելի՛ գործընկերներ, որ այս այցը տեղի է ունենում բավականին սիմվոլիկ ժամանակահատվածում՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակին: Եվ հենց այս ժամկետում էլ մենք, ունենալով բոլոր նախկին զարգացումներն ու համագործակցությունը, կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունների մակարդակը. Հայաստանը և Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են: Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ավելի համապարփակ մոտենալու ոլորտային փոխգործակցությանը:
Մենք այսօր հնարավորություն ունեցանք քննարկելու մեր տնտեսական համագործակցության հեռանկարները, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտներում, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի, և որտեղ մենք նույնպես ունենք որոշակի փորձ ու գիտելիքներ, և կկարողանանք օգտակար լինել միմյանց:
Իհարկե, մեր բարեկամությունը, որը վերջին տարիներին ընդգծված կերպով դրսևորվել է երկկողմ հարթություններում, իր դրսևորումն է գտնում նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում և միջազգային հարթակներում: Մենք երախտապարտ ենք մեր լիտվացի գործընկերներին նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման հարցում ցուցաբերած մեծ աջակցության համար:
Մեզ համար շատ կարևոր ու հետաքրքիր է նաև Հայաստան-Նորդիկ-բալթյան երկրների համագործակցության ձևաչափը. այստեղ ևս վայելում ենք Լիտվայի լիակատար աջակցությունը:
Ընդհանուր համագործակցության լավագույն և ամենաթարմ դրսևորումներից մեկն այն է, որ մենք վերջերս Երևանում հյուրընկալեցինք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, և դրան զուգահեռ անմիջապես տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը:
Պետք է անպայման ընդգծենք, որ մեր հարաբերությունները հիմնված են նախ և առաջ ընդհանուր արժեքների՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների վրա: Սա, իհարկե, ուրախալի նորություն է, բայց կա զուգահեռ իրողությունը, որ նույն այս արժեքները, որոնք ես քիչ առաջ նշեցի, մեր օրերում թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից և գտնվում են հիբրիդային սպառնալիքների ներքո: Ուզում եմ ասել, որ սա ևս մի ոլորտ է, որտեղ մենք և Լիտվան սերտորեն համագործակցում ենք՝ այս մարտահրավերները հասցեագրելու համար:
Հարգելի՛ գործընկերներ, իհարկե, մենք խոսել ենք նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի, ինչպես նաև առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ես գործընկերոջս ներկայացրել եմ մեր և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ներկայացրել եմ ԹՐԻՓՓ նախագիծը և դրա շրջանակներում ձեռնարկվող քայլերը: Այստեղ ևս մինչ այսօր, և վստահ եմ՝ ապագայում նույնպես, տեսել ենք և կշարունակենք տեսնել միայն Լիտվայի ողջունելն ու աջակցության պատրաստակամությունը:
Սա շատ համառոտ ամփոփումն էր այն ամենի, ինչ քննարկել ենք և ինչ ունենք մեր օրակարգում: Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, և շատ ուրախ էի ընդունել ձեզ Հայաստանում, սիրելի՛ բարեկամ»: