Անձամբ ես «Ռեալից» դեռ ոչինչ չեմ լսել․ Մոուրինյու

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ պատրաստակամ է շարունակել աշխատանքը պորտուգալական ակումբում, թեև տեղյակ է Մադրիդի «Ռեալի» կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին։

Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «Ռեալը» համաձայնել է վճարել 63-ամյա մասնագետի հրաժարագինը և նրան կառաջարկի պայմանագիր՝ նախատեսված մինչև 2028 թվականի ամառը։

«99 տոկոս հավանականությամբ ես կմնամ «Բենֆիկայում», քանի որ գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ։ Ես ունեմ նաև համագործակցության երկարաձգման առաջարկ։ Այն դեռ չեմ տեսել, բայց գործակալս ասում է, որ հիանալի առաջարկ է։

Անձամբ ես «Ռեալից» դեռ ոչինչ չեմ լսել, բայց մեզանից ոչ մեկը միամիտ չէ, և ես գիտեմ, որ ակումբների ղեկավարությունների միջև բանակցություններ են ընթանում»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

Պորտուգալացին «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի Գավաթն ու Սուպերգավաթը: Նախորդ տարվա սեպտեմբերից Մոուրինյուն մարզում է լիսաբոնյան «Բենֆիկան»։

Leave a Comment