Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում «Հայաստան» դաշինքը քաղաքացիներին է ներկայացնում իր քաղաքական ու տնտեսական օրակարգը։ Վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ու դաշինքի ներկայացուցիչները խոսում են միահեծան իշխանության վտանգների, նախագահի ընտրության կարգի փոփոխության, փոքր ու միջին բիզնեսի աջակցության և ազգային արժեքների պաշտպանության մասին։ Դաշինքի ներկայացուցիչները համոզված են՝ հունիսի 7-ի քվեարկությամբ որոշվելու է Հայաստանի զարգացման ուղղությունը։
Հայաստանը չպետք է ունենա միահեծան խորհրդարան՝ պնդում է վարչապետի 19 թեկնածուներից «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և բացատրում դիրքորոշումը․
«Իշխանությունը չպետք է բաղկացած լինի 1 կուսակցությունից, այդ կուսակցությունը այլասերվում է։ Օրինակ՝ միայն 1 ֆրակցիայի ձայներով չես կարող ընտրել դատախազ, պարտադիր որոշակի համամասնությամբ պետք է հաշվի առնվի ընդդիմության ձայները այն մարմինների համար, որոնք կուսակցականացված չեն, ավելին` կուսակցական լինելը արգելված է այդ մարմիններում»։
Վարչապետի պաշտոնին հավակնող երկրորդ նախագահը հիշեցնում է նաև իր կառավարման տարիները։ Ասում է՝ այդ շրջանում պետական որոշ կառույցներում աշխատելու համար արգելված էր կուսակցական պատկանելությունը․
«Իմ նախագահության ժամանակ արգելված էր կուսակցական լինել հարկային և մաքսային մարմիններում, արդարադատությունում ևս: Այն մարմինները, որտեղ որոշակի գործառույթ կապված էր բիզնեսի, մարդկանց հետ, արգելված էր, հետո Եվրախորհրդի ինչ-որ բաներով 2006, թե 2007 թ.-ին ստիպված մի քայլ հետ քաշեցինք, որովհետև ասում էին` դա մարդու իրավունքների սահմանափակում է։ Դա ոչ թե մեր նախաձեռնությունն էր, այլ՝ մենք ահագին էլ դիմադրել ենք»։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքում կարևորում են նաև երկրի նախագահի ընտրության հարցը․
«Նախագահը պետք է ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, կարող է համակարգը մնալ խորհրդարանական, բայց նախագահը պետք է ունենա առաջնային մանդատ, որ վերջապես գործով զբաղվի, ոչ թե կամ պաղպաղակ ուտելով, կամ դաշնամուր նվագելով»։
Ռոբերտ Քոչարյանը վստահ է՝ անկախ կառույցների ձևավորման գործընթացն ու դրանց պաշտպանությունը պետք է մտնեն երկրի նախագահի և ոչ թե գործադիրի ղեկավարի իրավասությունների շրջանակ։ Ըստ երկրորդ նախագահի՝ հունիսի 7-ին քաղաքացին հնարավորություն ունի շտկելու իրավիճակը․
«Ես ձեզ խոստանում եմ այս պրոբլեմների լուծումը շատ արագ։ Շատ արագ լուծումը տալու ենք, ուղղակի պետք է քանդող մարդուն փոխարինել կառուցող մարդով»։
Նախընտրական ծրագրում փոքր և միջին ձեռնարկատիրության տեխնոլոգիական առաջընթացը, տնտեսական զարգացումն ու հանրային բարեկեցությունը հենասյուն համարող «Հայաստան» դաշինքում խոստանում են փոքր և միջին բիզնեսի զարգացում։
Գործող խորհրդարանի պատգամավոր և հաջորդ ԱԺ պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանի խոսքով՝ իրենց դաշինքը փոքր և միջին ձեռնարկատերերին առաջարկում է թիրախային աջակցության ծրագրեր․
«Հարկերից ազատում․ խոսքն այստեղ վերաբերում է փոքր ձեռնարկություններին` անկախ գործունեության բնագավառից, իսկ միջին ձեռնարկատիրության դեպքում՝ կախված տնտեսության ճյուղից, ինչպես նաև աշխարհագրական տեղակայմամբ։ Հզոր հակամենաշնորհային քաղաքականության մշակում և կիրարկում, որպեսզի խոշոր բիզնեսը չխժռի փոքր ձեռնարկատերերին և չկլանի նրանց շուկայական մասնաբաժինը։ Վերջիվերջո, փոքր ձեռնարկատիրությունը դա միայն բիզնես չէ, դա սոցիալական խնդիր է, դա փոքր ձեռնարկատիրոջ երեխային նոր զույգ կոշիկ է կամ լրացուցիչ պարապելու հնարավորություն։ Մարդը ունի սեփականություն, մարդը առավել կապված է լինում իր հողին»։
«Հայաստան» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ագնեսա Խամոյանը, ուշադրություն է հրավիրում գույքահարկի բարձրացած դրույքաչափի վրա՝ Երևանի կենտրոնի կառույցներից մեկի օրինակով․
«Այս տունը կառուցվել է 1947 թվականին, այստեղ ապրում է երևանցիների 5-րդ սերունդը, և եթե ընդամենը 4 տարի առաջ այս տան բնակիչները, ովքեր համեստ ապրուստի տեր մարդիկ են, վճարում էին 22 հազար դրամ գույքահարկ, ապա այս տարի սեփական տանը ապրելու գինը արժենալու է 580 հազար դրամ։ Գույքահարկը թանկացել է 26 անգամ, ու այսպիսի տներ, հողեր Երևանում և ոչ միայն Երևանում շատ են։ Մենք չեղարկելու ենք այս ապօրինի, անտրամաբանական թանկացումը։ Մարդիկ սեփական տանը վարձով չպետք է ապրեն, սեփական տանը ապրելը շքեղություն չպետք է լինի»։
«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում առաջին կին պատգամավորի թեկնածուն՝ Աննա Գրիգորյանը, քաղաքացիների հետ հանդիպմանը խոսում է ազգային արժեքների պահպանման կարևորության մասին․
«Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ հանգրվանում ենք հիմա, որ մարդն անհանգիստ է, որ իր թոռնիկը կարող է քրիստոնյա չլինել, բայց դա ինչու՞ է այդպես, որովհետև մեր հերոսական պատմության յուրաքանչյուր դրվագ հիմա ուրացվում է։ Պատերազմ է հայտարարվում մեր ինքնության այնպիսի տարրերի դեմ, որ երբևէ որևէ մեկիս մտքով չէր անցնի։ Մենք կպատկերացնեի՞նք, որ հոգևոր առաջնորդները քրեական հետապնդումների պետք է ենթարկվեն, մենք կպատկերացնեի՞նք, որ Արարատի դեմ պայքար պետք է գնա, և ես մի կողմից լսում էի ու ասում էի` վա՜յ, իսկապես մենք այս հանգրվանին ոնց կարող էինք հասնել ու հետո հասկանում ես, որ ամբողջ այս տարիների պատմությունը հենց դրա մասին է»։
Դաշինքի ներկայացուցիչները համոզված են՝ հունիսի 7-ի քվեարկությամբ որոշվելու է Հայաստանի զարգացման ուղղությունը։