Բահրեյնը ներկայացնող հայազգի ծանրորդ Գոռ Մինասյանը նվաճել է հաղթողի կոչումը Հնդկաստանում անցկացված Ասիայի 2026 թվականի առաջնությունում, հայտնել է Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքէջը։
Մարզիկը հանդես է եկել +110 կգ քաշային կարգում և երկամարտի արդյունքում գրանցել 457 կգ ցուցանիշ։ Նշվել է, որ սա Մինասյանի կարիերայի երրորդ չեմպիոնական տիտղոսն է Ասիայի առաջնություններում։
Մրցաշարի ընթացքում Մինասյանի հիմնական մրցակիցն Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Յուսեֆին էր։
Ասիայի առաջնությունում Գոռ Մինասյանի գրանցած վերջնական արդյունքը 6 կգ-ով գերազանցում է այն ցուցանիշը, որով Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանն ավելի վաղ նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Մինասյանը 2022 թվականից հանդես է գալիս այլ երկրի դրոշի ներքո։ Աթլետի որոշումը կապված էր այն բանի հետ, որ Հայաստանի հավաքականում այդ ժամանակ կային երեք հավասարազոր ծանրորդներ՝ Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Վարազդատ Լալայանը, և յուրաքանչյուր երկիր կարող է երկու մարզիկ ներկայացնել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում։
