Միջազգային կառույցները ահազանգում են, որ աշխարհը, դեռ չհաղթահարած նախորդ գլոբալ ճգնաժամերի հետևանքները, կրկին կանգնած է սահմաններ չճանաչող վարակի առաջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վտանգի բարձր մակարդակ է հայտարարել Կենտրոնական Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի «Բունդիբուգյո» կոչվող հազվագյուտ շտամի բռնկման պատճառով։ Ինչպես գրում է DW պարբերականը, իրավիճակը լուրջ է հատկապես Կոնգոյում և Ուգանդայում, որտեղ հիվանդությունը տարածվում է արդեն ոչ միայն առողջապահական, այլև հումանիտար ճգնաժամի պայմաններում։
ԱՀԿ-ն ահազանգի երկրորդ մակարդակ է հայտարարել՝ ընդգծելով, որ խոսքը միջազգային նշանակության արտակարգ առողջապահական իրավիճակի մասին է։ Այն առայժմ համավարակ չի համարվում, սակայն կազմակերպությունը զգուշացնում է, որ Էբոլա վիրուսի «Բունդիբուգյո» կոչվող հազվագյուտ շտամի տարածման իրական չափերը կարող են պաշտոնական տվյալներից շատ ավելի մեծ լինել։ ԱՀԿ-ն իր զեկույցում հայտարարել է.
«Էբոլայի Բունդիբուգյո շտամի տարածումը միջազգային առողջապահական արտակարգ իրավիճակ է առաջացրել։ Տարածաշրջանում բնակչության ակտիվ տեղաշարժը, սահմանների թափանցիկությունը և հակամարտությունները մեծացնում են վարակի արագ տարածման վտանգը։ Անհրաժեշտ է հնարավորինս արագ հայտնաբերել նոր դեպքերը և մեկուսացնել վարակակիրներին»։
Ըստ որոշ տեղեկությունների՝ միայն Կոնգոյում և Ուգանդայում արդեն արձանագրվել է ավելի քան 336 կասկածելի դեպք։ Մահացածների թիվը 88 է։ Սակայն մասնագետները վստահ են՝ իրական պատկերը կարող է շատ ավելի ծանր լինել։
Էբոլան աշխարհի ամենավտանգավոր վիրուսային հիվանդություններից մեկն է։ Այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, մկանային ցավերով, փսխումով, արյունահոսությամբ և այլ ախտանիշներով։ Վարակը փոխանցվում է հիվանդի կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։ Նախորդ բռնկումների ժամանակ մահացությունը տարբեր շրջաններում հասել է մինչև 90 տոկոսի։
Կոնգոյի հյուսիս-արևելքում բռնկված այս նոր ալիքը վտանգավոր է նաև այն պատճառով, որ այդ տարածքը երկար տարիներ զինված բախումների և հումանիտար անկայունության պայմաններում է։ Տեղահանված բնակչության հոսքերը, աղքատությունը և բժշկական ենթակառուցվածքների թուլությունը վարակի արագ տարածման համար բարենպաստ միջավայր են ստեղծում։ Կոնգոյի առողջապահության նախարար Սամուել Ռոժե Կամբայի խոսքերն է մեջբերել Reuters գործակալությունը.
«Բունդիբուգյո շտամի դեմ այս պահին չկա ո՛չ հաստատված պատվաստանյութ, ո՛չ էլ հատուկ բուժում։ Գոյություն ունեցող պատվաստանյութերի մեծ մասը մշակվել է Էբոլայի զաիրյան տարբերակի դեմ։ Սա է իրավիճակի ամենամեծ վտանգներից մեկը»։
Կոնգոյի իշխանությունն արդեն արտակարգ արձագանքման կենտրոններ է բացել, ուժեղացրել վերահսկողությունը և շտապ բուժական խմբեր ուղարկել առավել վտանգավոր շրջաններ։ Առողջապահական-գիտական կազմակերպությունները միաժամանակ փորձում են պարզել, թե որքանով է նոր շտամը տարբերվում նախկինում հայտնի տարբերակներից․
«Կոնգոյում արձանագրված նախորդ 16 բռնկումներից գրեթե բոլորը կապված էին «զաիրյան» շտամի հետ։ Բունդիբուգյո տարբերակը շատ ավելի հազվադեպ է, և դրա դեմ գիտական փորձը սահմանափակ է։ Այդ պատճառով բժիշկները ստիպված են աշխատել մեծ անորոշության պայմաններում»։
Մասնագետները մտահոգված են հատկապես այն հանգամանքով, որ հիվանդության օջախները Ուգանդայի և Հարավային Սուդանի սահմաններին մոտ են։ Տարածաշրջանում հազարավոր մարդիկ անընդհատ տեղափոխվում են՝ փախչելով պատերազմներից, սովից և կլիմայական աղետներից։ ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Արևելյան Աֆրիկան կանգնած է խորացող հումանիտար ճգնաժամի առաջ։ Սուդանում շարունակվող պատերազմը, Հարավային Սուդանում ջրհեղեղներն ու երաշտը, ինչպես նաև պարենային թանկացումները լրջորեն թուլացրել են տարածաշրջանի դիմադրողականությունը նոր համաճարակների նկատմամբ։ ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մարտին Ֆրիկի խոսքերն է մեջբերել DW-ն.
«Տարածաշրջանում միլիոնավոր մարդիկ արդեն ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Երբ առողջապահական ճգնաժամը միանում է պատերազմի, սովի և տեղահանությունների հետ, իրավիճակը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից»։
Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ժան Կասեյան նույնպես ընդգծում է՝ առանց տարածաշրջանային համակարգման հնարավոր չի լինի կանխել նոր բռնկումները․
«Սահմանային վերահսկողությունն ու տվյալների արագ փոխանակումը հիմա կենսական նշանակություն ունեն։ Եթե երկրները գործեն առանձին-առանձին, վիրուսի տարածումը կանգնեցնելը շատ ավելի դժվար կլինի»։
DW-ն նկատել է, որ 1976 թվականին վիրուսի հայտնաբերումից հետո սա Էբոլայի արդեն 17-րդ բռնկումն է Կոնգոյում։ Ամենախոշոր համաճարակը այդ երկրում գրանցվել էր 2018-2020 թվականներին։ Այդ ժամանակ մահացել էր շուրջ 2․300 մարդ։ Ընդհանուր առմամբ, վերջին 50 տարիներին Աֆրիկայում Էբոլայից մահացել է մոտ 15 հզր մարդ։
Միևնույն ժամանակ գիտնականները շարունակում են աշխատել պատվաստանյութերի կատարելագործման ուղղությամբ։ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտները դեռ տարիներ առաջ հայտարարել էին ChAd3 պատվաստանյութի նախնական հաջող փորձարկումների մասին։ Սակայն մասնագետները նշում են, որ այժմյան Բունդիբուգյո շտամը կարող է նոր և ավելի թիրախային լուծումներ պահանջել։