Ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի և ընտանիքի անդամների հետ հաղորդակցության իրավունքի սահմանափակման հարցը վերջին շրջանում հայտնվել է իրավական և հանրային քննարկումների կենտրոնում։ Քննարկման առարկա դարձած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել քրեակատարողական օրենսգրքում՝ սահմանելով լրացուցիչ երաշխիքներ դատապարտյալների՝ մերձավոր ազգականների հետ կապի պահպանման համար, ինչպես նաև վերանայել պատժախցում պահելու առավելագույն ժամկետները՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։
Գործող քրեակատարողական օրենսգրքով նախատեսված է, որ պատժի կատարման կարգի խախտման դեպքում դատապարտյալի նկատմամբ կարող են կիրառվել տարբեր կարգապահական տույժեր՝ ներառյալ տեսակցության, հեռախոսակապի և տեսազանգի իրավունքների սահմանափակումը։ Սակայն մասնագետների գնահատմամբ՝ գործող կարգավորումները բավարար չափով չեն տարանջատում դատապարտյալի՝ այլ անձանց և մերձավոր ազգականների հետ հաղորդակցության իրավունքը, ինչը չի բխում միջազգային չափանիշներից։
Թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի ավագ մասնագետ Նաիրա Ղարիբյանի և «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության փաստաբան Դավիթ Դիլբարյանի հետ։
Մանրամասները տեսանյութում։