ՖԻՖԱ-ից կրկին հայտարարում են՝ Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Մատիաս Գրաֆստրոմը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաների հետ քննարկումներից հետո հայտարարել է, որ ֆուտբոլի կառավարման համաշխարհային մարմինը պատրաստվում է ողջունել Իրանին 2026 թվականի ՖԻՖԱ աշխարհի առաջնությանը։

Reuters-ի փոխանցմամբ՝ գլխավոր քարտուղարը, որը ՖԻՖԱ-ի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է՝ նախագահ Ջանի Ինֆանտինոյից հետո, մայիսի 16-ի ուշ երեկոյան Թուրքիայում կայացած հանդիպումը «գերազանց և կառուցողական» է որակել։

2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիակայում և Կանադայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Չնայած ամերիկյան կողմի հավաստիացումներին, Իրանի մասնակցությունը մեկամսյա մրցաշարին հարցականի տակ է հայտնվել փետրվարի 28-ի պատերազմի մեկնարկից հետո։

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Թուրքիայում տեղի ունեցած քննարկումները նույնպես «դրական և կառուցողական» է որակել՝ հիշեցնելով, սակայն, որ ամերիկյան իշխանությունները մինչ այս պահը վիզաներ չեն տրամադրել Իրանի հավաքականի ֆուտբոլիստներին և անձնակազմին։

Ապրիլի 30-ին էլ հայտնի էր դարձել, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին արգելվել է մուտք գործել Կանադա՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի նիստին։ Կանադայի կառավարությունն այս դեպքից հետո հայտարարել էր՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնյաներին արգելվում է մուտք գործել Կանադա:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլին հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը դեմ չէ Իրանի հավաքականի մասնակցությանը Աշխարհի առաջնությանը՝ հստակեցնելով, սակայն․ «Նրանք չեն կարող մեր երկիր բերել ԻՀՊԿ ահաբեկիչների մի խումբ և ձևացնել, թե նրանք լրագրողներ կամ մարզիչներ են»։

Leave a Comment