ԱԹՍ-ներով գիշերային խոշոր հարվածներ Մոսկվային․ կա չորս զոհ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոշորածավալ հարվածների հետևանքով Ռուսաստանում առնվազն չորս մարդ է զոհվել՝ երեքը Մոսկվայում, մեկը՝ Բելգորոդում, հայտնում են ռուսական իշխանությունները։

Reuters-ը գրում է, որ Մոսկվան ենթարկվել է ավելի քան մեկ տարվա խոշորագույն հարձակմանը։

ՌԴ ՊՆ տվյալով՝ գիշերվա ընթացքում 556 ուկրաինական ԱԹՍ է խոցվել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ռուսական զինուժը կեսգիշերն անց Մոսկվա ուղևորվող 81 ԱԹՍ է վնասազերծել։ Նրա խոսքոով՝ 12 մարդ է վիրավորվել, տուժել է նաև Մոսկվայի նավթային վերամշակման գործարանը, որի տեխնոլոգիական սարքավորումները, սակայն, չեն վնասվել։

ԱԹՍ բեկորներ են ընկել նաև Ռուսաստանի խոշորագույն օդանավակայանի՝ «Շերեմոտովո»-ի տարածքում, սակայն օդանավակայանին վնաս չի հասցվել։

Նախօրեին ուկրաինական ԱԹՍ-ները նույնպես հարձակողական գործողություններ էին իրականացրել։ Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում գիշերը մի շարք պայթյուններից հետո հրդեհ էր բռնկվել «Ազոտ» քիմիական կոմբինատում, հայտնել էին մշտադիտարկում իրականացնող տելեգրամ-ալիքները։

Ռուսական բանակը ևս նախօրեին Ուկրաինայի ուղղությամբ տարբեր տեսակի 294 անօդաչու թռչող սարք էր արձակել, որոնցից խոցվել կամ վնասազերծվել էին 269-ը։

Leave a Comment