Տղամարդը փաստաբանի անվան տակ խաբեությամբ գումար է հափշտակել․ գործը դատարանում է

Տ․Բ․-ն, ներկայանալով որպես փաստաբան և չունենալով փաստաբանական գործունեություն իրականացնելու համապատասխան արտոնագիր, ծառայություն մատուցելու պատրվակով Թ․Բ․-ից հափշտակել է գումար և անհետացել։ Դեպքի առթիվ մայիսի 15-ին Արարատի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ, որը նույն օրը մակագրվել է դատավոր Ռիմա Առաքելյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։

Դեպքի հանգամանքները

Տ․Բ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով փաստաբանական գործունեություն ծավալելու համապատասխան արտոնագիր և չլինելով փաստաբանների պալատի անդամ, 2025թ. մարտ ամսից մինչև օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Թ․Բ․-ի հետ ունեցած հեռախոսազրույցների և անձնական հանդիպումների ընթացքում իր իրական մտադրությունների կապակցությամբ ստահոդ տեղեկություններ է հայտնել իր մասնագիտական կարգավիճակի վերաբերյալ։

Այն է՝ ներկայացել է, որպես փաստաբան և խոստացել է մատուցել իրավաբանական ծառայություններ՝ պաշտպանել Թ․Բ․-ի շահերը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որոնց իրականացման ոչ ի սկզբանե մտադրություն և ոչ էլ լիազորություն է ունեցել:
Թ․Բ․-ի մոտ վստահություն ներշնչելով և նրան մոլորության մեջ գցելով Տ․Բ․-ը Թ․Բ․-ից պահանջել է որպես ծառայության վճար իրեն փոխանցել 585․000 ՀՀ դրամ գումար։ Իր հանցավոր քայլերը քողարկելու և հետագայում պատասխանատվությունից խուսափելու նպատակով Տ․Բ․-ը Թ․Բ․-ին է տրամադրել Վ․ Հ․-ի անվամբ առկա բանկային հաշվեհամարը: Ի սկզբանե նպատակ չունենալով կատարել իր խոստումը՝ Տ․Բ․-ն իր գործողություններով վստահություն է առաջացրել Թ․Բ․-ի մեջ իր ապագա վարքագծի կապակցությամբ, և վերջինս իր կամքով 2025թ. մարտի 31-ից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում ամուսնու՝ Ա․Ե․-ի միջոցով և Տ․Բ․-ի ուղղորդմամբ Վ․Հ․-ի բանկային հաշվեհամարին է փոխանցել 585.000 ՀՀ դրամ գումար՝ համոզված լինելով, որ Տ․Բ․-ը կկատարի խոստումը՝ կմատուցի համապատասխան իրավաբանական ծառայություն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, սակայն պահանջված գումարները վերը նշված հաշվեհամարին փոխանցվելուց հետո Տ․Բ․-ը դադարեցրել է հաղորդակցությունը Թ․Բ․-ի հետ, չի մատուցել խոստացված իրավաբանական ծառայությունը:

Այդ կերպ չարաշահելով Թ․Բ․-ի վստահությունը՝ Տ․Բ․-ը խարդախությամբ հափշտակել է Թ․Բ․-ի խոշոր չափերի՝ 585.000 ՀՀ դրամ գումարը՝ ի սկզբանե մտադիր չլինելով կատարելու իր խոստումը:

Տ․Բ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Մեղադրյալին որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Leave a Comment