Որպես կանոն շահութահարկ վճարողները հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցնում են իրենց ծախսերը։ Սակայն շատերը չգիտեն, որ ներկայացուցչական ծախսերը նվազեցման ենթակա են սահմանափակումներով։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, ՀՀ հարկային օրենսգրքի 116-րդ հոդվածը սահմանում է ներկայացուցչական ծախսերի նվազեցման կանոնները և սահմանափակումները։
Ի՞նչ են ներկայացուցչական ծախսերը
ՀՀ հարկային օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ներկայացուցչական ծախսեր են համարվում այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու և (կամ) այն պահպանելու նպատակով կատարվող ծախսերը։
Նվազեցման սահմանափակումները
ՀՀ հարկային օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում ներկայացուցչական ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը կամ հինգ միլիոն դրամը։
Բացառություն՝ գրանցման և հաշվառման տարի
ՀՀ հարկային օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցման ենթակա ներկայացուցչական ծախսերի առավելագույն թույլատրելի մեծությունը հաշվարկելու առումով հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսի սահմանափակումը հաշվի չի առնվում։
Ամփոփելով, պետք է նշել, որ ներկայացուցչական ծախսերը համախառն եկամտից նվազեցման ենթակա են հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսի կամ հինգ միլիոն դրամի սահմաններում՝ ավելի բարձրը։ Պետական գրանցման, անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ նոտար նշանակման հարկային տարում 0.5 տոկոսի սահմանափակումը չի կիրառվում և նվազեցման ենթակա է միայն հինգ միլիոն դրամի սահմաններում, – տեղեկացնում է Iravaban.net–ը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Iravaban.net–ին։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։