Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անդրադարձել է թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ ընթացող բանակցություններին։
«Վինիսիուսի պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում մենք չենք շտապում։ Առջևում մի ամբողջ մրցաշրջան ունենք՝ այդ թեմայով խոսելու համար։ Դուք կարծում եք, թե ես եմ ամեն ինչի համար պատասխանատու, բայց դա սպորտային տնօրենի աշխատանքն է։ Վինիսիուսը «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա մեզ համար հաղթեց վերջին Չեմպիոնների լիգայում», — Պերեսի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։