Կառավարությունը նախատեսում է ջրային ենթակառուցվածք փոխանցել «Վեոլիա Ջուր» ընկերությանը վարձակալության հիմունքներով

Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 14-ի չզեկուցվող որոշումը, որով նախատեսվում է որպես նվիրատվություն ընդունել գույք, այն ամրացնել Ջրային կոմիտեին և վարձակալության հանձնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ պայմանավորված Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող պոմպակայանի և սարքավորումների հաշվառման ու տնօրինման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակ և խնդիրներ

Ներկայում անհրաժեշտ է ապահովել նշված գույքի պատշաճ հաշվառումն ու հետագա արդյունավետ կառավարումը։ Միաժամանակ, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման նպատակով նախատեսվում է գույքը Ջրային կոմիտեին ամրացնելուց հետո վարձակալության հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը։

Վերջինս, որպես համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպություն, իրականացնում է խմելու ջրի մատակարարում, ջրահեռացում և կեղտաջրերի մաքրում, ինչպես նաև համակարգերի շահագործում, պահպանում և զարգացում։

Կարգավորման նպատակն ու բնույթը

Նախագծի նպատակն է պետական գույքի արդյունավետ օգտագործման ապահովումը՝ այն վարձակալության հիմունքներով փոխանցելով ջրամատակարարման օպերատորին՝ ծառայությունների որակի բարձրացման նպատակով։

Մշակման գործընթաց

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի կողմից։

Ակնկալվող արդյունքներ

Նախագծի ընդունման դեպքում կապահովվի՝

պետական գույքի պատշաճ հաշվառում՝ ՀՀ հաշվապահական ստանդարտներին համապատասխան,
ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ավելի հուսալի և անվտանգ շահագործում,
խմելու ջրի որակի ստանդարտներին համապատասխան մատակարարում,
համակարգի արդյունավետ կառավարում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից։
Ֆինանսական ազդեցություն

Նախագծի ընդունումը չի նախատեսում պետական կամ տեղական բյուջեներում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն։ Լրացուցիչ նորմատիվ ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։

Ռազմավարական հիմք

Նախագիծը բխում է՝

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից,
ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրից,
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 77․1 կետից։

Leave a Comment