«Կրասնոդարի» նախկին կիսապաշտպան Յուրի Գազինսկին խոսել է ակումբի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հեռանկարների մասին։
Նախկին ֆուտբոլիստի կարծիքով՝ 25-ամյա հայ կիսապաշտպանն արժանի է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն խաղացողի կոչմանը։
«Էդիկն աճել է որպես ֆուտբոլիստ, և կարծում եմ, որ նա իզուր չէր նախկինում ևս ճանաչվել լավագույնը։ Արդեն երրորդ մրցաշրջանն է, ինչ նա կայուն լավ խաղ է ցուցադրում և աչքի ընկնում արդյունավետ գործողություններով։ Ցանկացած ակումբ ուզում է պահել իր առաջատարներին, հատկապես հաշվի առնելով, որ Սպերցյանն ակումբի սան է։
Բայց եթե ինչ-որ լուծում գտնվի, և ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանա գնալ մակարդակի բարձրացման ու պայմանավորվել ակումբի հետ, ապա ինչո՞ւ ոչ։ Ինձ թվում է, որ նա պետք է տեղափոխվի Եվրոպա», – Գազինսկիի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։