Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11֊ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ Սամվել Կարապետյանի։
Iravaban.net ֊ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ վարչապետը հայցապահանջով խնդրում է՝
- Պարտավորեցնել Պատասխանող Սամվել Սարգսի Կարապետյանին 07․05․2026թ․ Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով։ Բովանդակությունը՝«2026 թվականի մայիսի 7-ին լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ընթացքում, ես՝ Սամվել Սարգսի Կարապետյանս, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝«Վարչապետը անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիաներ են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր, և իմ ինֆորմացիայով, մոտավորապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Դրա համար ինքը՝ կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կամ երբ ԱԺ-ում բարձրանում է ամբիոն, օգտագործում է այդ սնկերից»։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։ Կարգը՝Հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ «Հերքում՝ 07․05․2026թ․ մամլո ասուլիսի ընթացքում իմ կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո, վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։ Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։Հերքումը նշված լրատվամիջոցներով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ «Ուժեղ Հայաստան / Strong Armenia» յութուբյան ալիքի միջոցով։
- Պատասխանող Սամվել Սարգսի Կարապետյանից հօգուտ Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի բռնագանձել 6․000․000 (վեց միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։
Գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է դատավոր Երեմ Եսոյանին։ Վերջինս մայիսի 14֊ին գործը վարույթ ընդունելու մասին որոշում է ընդունել։ Գործով դատական նիստեր դեռևս նշանակված չեն։