«Ուժեղ Հայաստան» ֊ը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության

Մայիսի 15֊ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հայց է ստացվել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։

Iravaban.net-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ի դեմս ներկայացուցիչ Հայկուհի Նիկոլայանի, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի հանրային հեռուստաընկերության։ Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը սույն հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո հրապարակայնորեն հերքել Առաջինի լրատվական հեռուստաալիքով 2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերաբերյալ հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ «Հանրային հեռուստաընկերությունը զրպարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը» խորագրի ներքո հրապարակելով հետևյալ բովանդակությամբ տեքստը. «2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է»:

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։ Գործի քննությունը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանին։

 

Leave a Comment