«Մեղադրանքը շինծու է». Սեյրան Օհանյանի և մյուսների գործով պաշտպանական կողմը ներկայացրեց բացման խոսքը

Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի, շարունակվում է Սեյրան Օհանյանի և մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի դատական քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ, դատական նիստին ներկա էին հանրային մեղադրող Կիմ Հարությունյանը, մեղադրյալներ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Աշոտ Գրիգորյանը, Լևոն Բարսեղյանը, Բենյամին Ղալաչյանը, Էդգար Գրիգորյանը, ինչպես նաև նրանց պաշտպանները։

Դատական հերթական նիստում պաշտպանական կողմը հանդես եկավ բացման խոսքով։ Էդգար Գրիգորյանի պաշտպանները դատարանում հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և այն համարում է շինծու ու իրականությանը չհամապատասխանող։

Պաշտպաններից մեկի խոսքով՝ մեղադրական եզրակացությունը չափազանց ծավալուն է և ներառում է բազմաթիվ հանգամանքներ, որոնք որևէ կապ չունեն Գրիգորյանի գործողությունների հետ։ Նրա պնդմամբ՝ մեղադրանքի շրջանակում նկարագրված են շինարարական աշխատանքների, վճարումների, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ դրվագներ, որոնք, ըստ պաշտպանական կողմի, առնչություն չունեն մեղադրանքի բուն բովանդակության հետ։

Պաշտպանական կողմը հատուկ ընդգծեց, որ ամբողջ մեղադրանքի շրջանակում ընդամենը մեկ ձևակերպմամբ է ներկայացվում Էդգար Գրիգորյանի ենթադրյալ դերակատարումը։ Ըստ մեղադրանքի՝ նա օժանդակել է Սեյրան Օհանյանին՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ձեռք բերված գույքի հետագա տիրապետմանն ու օգտագործմանը։

Միևնույն ժամանակ պաշտպանները պնդել են, որ Գրիգորյանը երբևէ որևէ մեկին չի օժանդակել աճուրդների, գույքի ապօրինի իրացման կամ օգտագործման հարցերում։

Գործով մյուս պաշտպաններից մեկը՝ ներկայացնելով Բենյամին Ղալաչյանի շահերը, անդրադարձել է նաև մեղադրյալների միջև ենթադրյալ կապերին։ Նրա խոսքով՝ դատարանում ներկայացված պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը, իսկ գործով անցնող անձանց միջև փաստացի շփումներ կամ համագործակցություն չեն եղել։

Պաշտպանական կողմը նաև իրավական հիմնավորումներ է ներկայացրել ինքնակամ կառույցների վերաբերյալ օրենսդրության համատեքստում։ Ըստ պաշտպանների՝ տվյալ ժամանակահատվածում գործող իրավակարգավորումներով պետական կամ համայնքային հողամասում կառուցված ինքնակամ կառույցը օրենքի ուժով համարվում էր պետության սեփականություն՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել։

Այս փաստարկով պաշտպանները փորձել են հիմնավորել, որ նման գույքը չէր կարող դիտարկվել որպես կաշառք կամ որևէ անձի սեփականություն, հետևաբար՝ վիճարկելի են նաև փողերի լվացման և օժանդակության վերաբերյալ առաջադրված մեղադրանքները։

Պաշտպանների համոզմամբ՝ դատաքննության ընթացքում ներկայացվելիք ապացույցները կհաստատեն, որ առաջադրված մեղադրանքները հիմնավորված չեն։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment