Սառը ցնցուղ՝ Փաշինյանի խանդավառված, իրականությունից կտրված, ինքնասիրահարվածությունից բժժած գլխին։
Արմավիրի մարզում անցկացվող քարոզարշավին Նիկոլի «գլխին, սրտին, ջիգյարին մեռնող» 60-ից բարձր կանանցից բացի, Քպ-ի առաջնորդին մոտեցավ սևազգեստ մի կին և հուզմունքը չկարողանալով զսպել՝ Փաշինյանի երեսին շպրտեց՝ դու ես սպանել իմ որդուն, ես 18 տարի երեխա եմ մեծացրել, տվել քեզ, դու տարար-վառեցիր երեխայիս ու մոխիր տվեցիր ինձ։
Փաշինյանին աստվածացնեղ ամբոխը քար կտրեց։ Քար կտրեց նաև Փաշինյանը՝ կմկմալով ինչ-որ անիմաստ բառեր ասելով։ Նա չէր սպասում այսպիսի շրջադարձի։
«Խաղաղություն, թոշակ, առողջության ապահովագրություն» կրկնվող քարոզը ու այդ քարոզը հիպնոսացած լսող, քրքջացող, ծափահարող, էյֆորիայի մեջ գտնվող ամբոխը համարձակվել է ճեղքել մի կին, որը Փաշինյանին ու նրա երկրպագուներին հիշեցնում է դառն իրականությության, հանցագործության ու ողբերգության մասին ու ճակատին շրխկացնում, որ դրա մեղավորը ինքն է՝ համարյա աստվածացած Փաշինյանը։
Այդ կինը 2023 թվականի հունվարի 19-ին, չբացահայտված հանգամանքներում Ազատի զինվորական կացարանում այրված 15 զինվորներից մեկի մայրն էր։
Նա գոչեց՝ 2 անգամ քեզ եմ ընտրել, անիծվի այդ օրը։
Կինը չէր հանգստանում։ Խիստ անհարմար իրավիճակը մեղմելու համար Փաշինյանը բարձրախոսը ձեռքը վերցրեց, կանգնեց ավտոմեքենայի վրա ու սկսեց արդարանալ, թե ինքն ի՞նչ մեղավոր է, դատաքաննություն է ընթանում, հանգամանքները պարզվում են ու մի շարք այլ մանիպուլատիվ, անիմաստ բառեր ու նախադասություններ։
Ամենասարսափելին հետո էր, երբ վշտից ու ցավից բորբոքված որդեկորույս մոր ձայնը փորձեց խլացնել նիկոլական ամբոխը՝ «Նի-կոլ վարչապետ» վանկարկումներով։