Նյուրնբերգի գործարանում քիմիական նյութերի արտահոսքի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Բավարիայի Կարմիր Խաչին։
Ըստ թերթի՝ միջադեպը տեղի է ունեցել Նյուրնբերգի Շաֆհոֆ շրջանի Թուրն ունդ Տաքսիս փողոցում գտնվող գործարանի տարածքում։ Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջ, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ։ Հրշեջների խոսքով՝ մաքրման աշխատանքներին մասնակցել է մոտ 100 փրկարար։
Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ 20 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ ևս ութը՝ միջին ծանրության։ Երկու մարդ գտնվում է ծանր վիճակում։ Ընդհանուր առմամբ 17 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ՝ հետագա բուժման համար։ Մոտ 90 մարդ տեղում ստացել է բժշկական և հոգեբանական օգնություն։
Այս պահին հայտնի չեն քիմիական նյութերը և վթարի պատճառը։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ տվյալ ընկերությունը պարբերաբար զբաղվում է քիմիական նյութերով։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտարարել են, որ հանրության համար սպառնալիք չկա։ Նախազգուշական միջոցառումների շրջանակներում շենքային համալիրի բոլոր բնակիչները տարհանվել են: Հրշեջ ծառայությունը բացատրել է, որ արտանետված նյութերը շենքից դուրս չեն եկել: