ԵՄ-ի վիզաների ազատականացման միջազգային փորձը․ ի՞նչ առաջընթաց ունի Հայաստանն այդ ճանապարհին

Երևանում տեղի է ունեցել Մոլդովայում և Վրաստանում ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի իրականացման հետազոտության շնորհանդեսը: Policy and Management Consultancy (PMCG) ընկերությունը ներկայացրել է, թե ինչպես են այդ երկրները համապատասխանեցրել իրենց համակարգերը ԵՄ–ի մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրին։

Մոլդովայում և Վրաստանում ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի իրականացման հետազոտության քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարբեր գերատեսչությունների և քաղահասարակության ներկայացուցիչներ։ Քննարկման սկզբում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վոլենշտայնը նշեց, որ Հայաստանի մերձեցումը ԵՄ-ին նույնպես ենթադրում է կոնկրետ գործողություններ:

«Կարծում եմ, որ մի քանի տարվա ընթացքում մեզ կհաջողվի հասնել Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացմանը։ Եվ, այո, ես մեծ հույս ունեմ, որ դա չի հակասի Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ Չէ որ, բառացիորեն վերջերս, պարոն Պուտինը հայտարարեց հակասությունների պատճառով հնարավոր «ապահարզանի» մասին»։

Անդրադառնալով բուն շնորհանդեսին, Յակոբ Վոլենշտայնը խոստովանեց, որ Վրաստանն ու Մոլդովան հսկայական փորձ ունեն այդ հարցում։ Ըստ ծրագրի ղեկավարի՝ չնայած այդ երկրներից յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի, նրանց  փորձը կարող է օգնել Հայաստանին ավելի հարթ անցնելու այդ ճանապարհը։ Վոլենշտայնը նաև ընդգծեց, որ ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացումը ոչ միայն ճանապարհորդություններին է վերաբերում, այլև օրենսդրության ներդաշնակեցմանը:

«Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանն այժմ կրակի տակ է: Որոշ երկրներ չեն ցանկանում, որպեսզի նա ընթանա եվրոպական ուղով։ Մենք դա տեսնում ենք նաև հունիսի 7- ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների և դրանց վրա հիբրիդային սպառնալիքներով ազդելու փորձերի ֆոնին»։

Հետազոտությունն իրականացնող ընկերության՝ PMCG-ի ներկայացուցիչ, Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Շալվա Խուցիշվիլին քննարկման մասնակիցներին պատմեց իրենց աշխատանքի բուն նպատակի մասին։ Նա վստահեցրեց, որ իրենց հետազոտության նպատակն է Վրաստանի և Մոլդովայի օրինակով գործնական գիտելիքներ տալ հայ գործընկերներին:

«Մեր նպատակն է համապարփակ  տեղեկություններ տրամադրել մեր փորձի մասին, թե ինչպես ենք հաղթահարել առաջացած խնդիրները։ Ուսումնասիրելով երկու երկրների առջև ծառացած խնդիրները և նրանց կիրառած ռազմավարությունները, մենք կարող ենք Հայաստանին տրամադրել գործնական գիտելիքներ, որոնք օգտակար կլինեն ԵՄ-ի հետ Հայաստանի կապերի հետագա զարգացման և ամրապնդման համար»։

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Ալեքս Ալեքսիշվիլին ներկայացրեց վիզաների ազատականացման գործընթացը Վրաստանում և Մոլդովայում։ Նա նշեց, որ այն բավականին երկար է եղել։

«Մոլդովայում և Վրաստանում այդ գործընթացը սկզբից մինչև վերջ տևեց գրեթե յոթ տարի։ Յոթ տարին բավական երկար ժամանակ է, չէ՞։ Մեր հիմնական նպատակը գործընթացը ուսումնասիրելն էր՝ հասկանալու, թե որոնք էին հիմնական մարտահրավերները, ի՞նչ ոլորտներում կարելի է բարելավել աշխատանքը, որպեսզի հայկական կողմի համար հնարավորինս հեշտացնենք գործընթացը և հնարավորինս կրճատենք ժամկետները։ Ահա, սա էր գաղափարը»։

Ալեքսիշվիլին նաև ընդծեց, թե ինչին պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի Հայաստանն այդ ճանապարհին։

Հայաստանն արդեն բավական լավ է աշխատում բոլոր ուղղություններով, և Եվրահանձնաժողովի առաջին մոնիթորինգային առաքելությունն արձանագրել է առաջընթացը: Հիմա, պետք է օգտագործել այլոց փորձը հնարավորինս կրճատելու ժամանակը։ Մենք այժմ տեսնում ենք բավական մեծ էնտուզիազմ, մոբիլիզացիա, հանձնառություն և նվիրվածություն: Այդ պատճառով կարծում եմ, որ Հայաստանը կարող է այս ճանապարհն անցնել շատ ավելի կարճ ժամանակում, քան մյուս երկրները»։

Վիզաների ազատականացման շուրջ ԵՄ-ՀՀ երկխոսությունը սկսվել  է 2024 թվականի սեպտեմբերին։ 2025-ի նոյեմբերին Հայաստանին է փոխանցվել այդ ուղղությամբ գործողությունների ծրագիրը։ Այն կազմված է 74 կետից, որոնք Հայաստանը պետք է իրականացնի:

Leave a Comment