Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի. Radar Armenia-ն տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը մայիսի 7-ին իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը իբր իր հետ Չինաստանից մեկ տոննա հալյուցինացիաներ առաջացնող սունկ է բերել, որն օգտագործում է իր ելույթներից առաջ։
Փաշինյանը նույն օրը հայտարարել էր, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին, իսկ մայիսի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել, որ արդեն դատական հայց է ներկայացրել։
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Փաշինյանը խնդրել է պարտավորեցնել Սամվել Կարապետյանին՝ հերքել իր հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Միաժամանակ Փաշինյանը պահանջել է Կարապետյանից բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։
Այս գործը մակագրվել է դատավոր Երեմ Եսոյանին։
