Մանկավարժական համալսարանի պրոռեկտորի և մյուս աշխատակիցների գործը ուղարկվել է դատարան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել էին ՀՊՄՀ պրոռեկտորը և այլ աշխատակիցներ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվելուց հետո գործը ուղարկվել է դատարան։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել մայիսի 14-ին և նույն օրը մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանին։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Մարիամ Մկրտիչի Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2022 թվականի հունվարի 4-ից զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը, հանդիսանալով համալսարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրա անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի թիվս այլնի, լիազորված լինելով իրականացնելու համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր ծառայողական լազորություններն օգտագործել է ի վնաս ծառայողական շահերի, այն է՝ ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնելու ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի անմիջական ղեկավարումը, ունենալով իր իրավասության տակ գտնվող ոլորտի աշխատանքները համակարգելու պարտականություն և կրելու իր գործունեության իրականացման արդյունքում իր իրավասության ոլորտների բնականոն գործունեության և տեղեկատվության ամբողջականության ու ճշգրտության համար, տեղեկացված լինելով 2022 թվականի հունվարի 14-ին իր որդու՝ Արմեն Սամվելի Ավետիսյանի կողմից ՀՀ ԿԳՄՍՆ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկում որպես մասնագետ աշխատանքի ընդունվելու, սակայն աշխատանքի չհաճախելու և աշխատավարձ ստանալու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչ արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափի’ 5.336,916 ՀՀ դրամ գույքային վնաս:

Արմեն Սամվելի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2022 թվականի հունվարի 14-ից մինչև 2026 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով է ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի’ «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետի պաշտոնը և աշխատանքային պայմանագրով ունենալով պարտականություն առավոտյան ժամը 09:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում գտնվել աշխատանքի վայրում, ինչպես նաև ունենալով գիտական թեմաների կատարման մասնակցության, հետազոտական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու, ինստիտուտի կողմից կազմակերպվող սեմինարներին, գիտաժողովներին, ինչպես նաև միջազգային և տեղական նշանակության գիտագործնական միջոցառումներին հետազոտության արդյունքների պարբերական ներկայացման, շախմատի ուսուցման միջոցով վարքի և հոգեկանի կենսագործունեության բարելավման համար մեթոդական առաջարկների մշակման պարտականություն, աշխատանքային գործունեության ողջ ժամանակահատվածում 4 տարիների ընթացքում, ընդամենը մի քանի օր, այն էլ մի քանի ժամով աշխատանքի վայր հաճախելով և ունենալով ի սկզբանե իր կողմից ստանձնված աշխատանքային պարտականությունների կատարումից խուսափելու դիտավորություն, խաբեությամբ իր իրական մտադրության մասին լռելով, աշխատանքային պարտականություններն իբրև պատշաճ կատարելու փաստը ձևախեղելու և կեղծ տվյալներ ներկայացնելու, աշխատանքի իբրև պատշաճ կատարման իմիտացիա ձևավորելու եղանակով հափշտակել է որպես աշխատավարձ փոխանցված ընդհանուր 5.336.916 ՀՀ դրամ գումարը, ինչի արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Սմբատ Գարեգինի Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի փետքվարի 7-ից զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ և ի թիվս այլնի, պատասխանատու լինելով կենտրոնի ընթացիկ գործունեության կազմակերպման, համակարգման, ղեկավարման և վերահսկման աշխատանքների, հետազոտական խմբերի գործունեության, ինստիտուտի աշխատակիցների կողմից իրենց գործառույթների կատարման, ինչպես նաև կենտրոնի գործունեության իրականացման արդյունքում իր իրավասության ներքո գտնվող տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար, տեղեկացված լինելով 2022 թվականի հունվարի 14-ից մինչև 2026 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Արմեն Սամվելի Ավետիսյանի կողմից ՀՀ ԿԳՄՍՆ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկում որպես մասնագետ աշխատանքի ընդունվելու, սակայն աշխատանքի չհաճախելու և աշխատավարձ ստանալու մասին, որևէ միջոց չձեռնարկելով այդ ուղղությամբ, օժանդակել է Արմեն Ավետիսյանին խաբեությամբ իր իրական մտադրության մասին լռելով, աշխատանքային պարտականություններն իբրև պատշաճ կատարելու փաստը ձևախեղելու և կեղծ տվյալներ ներկայացնելու, աշխատանքի իբրև պատշաճ կատարման իմիտացիա ձևավորելու եղանակով, հափշտակել որպես աշխատավարձ փոխանցված՝ ընդհանուր, 5. 336.916 ՀՀ դրամ գումարը, ինչի արդյունքում ՀՀ Խաչատուր Աբոուկանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառվել է առակձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Բացի այդ, Սմբատ Գարեգինի Լպուտյանը, 2018 թվականի փետրվարի 7-ից զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ և ի թիվս այլնի, պատասխանատու լինելով կենտրոնի ընթացիկ գործունեության կազմակերպման, համակարգման, ղեկավարման և վերահսկման աշխատանքների, հետազոտական խմբերի գործուներւթյան, ինստիտուտի աշխատակիցների կողմից իրենց գործառույթների կատարման, ինչպես նաև կենտրոնի գործունեության իրականացման արդյունքում իր իրավասության ներքո գտնվող տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար, տեղեկացված լինելով 2022 թվականի հունվարի 14-ից մինչև 2026 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Արմեն Սամվելի Ավետիսյանի կողմից ՀՀ ԿԳՄՍՆ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժանան համալսարան» հիմնադրամի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկում որպես մասնագետ աշխատանքի ընդունվելու, սակայն աշխատանքի չհաճախելու և աշխատավարձ ստանալու մասին, նման պայմաններում պաշտոնական շրջանառության ենթակա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում Արմեն Ավետիսյանի հաճախելիության վերաբերյալ մտցրել է կեղծ տեղեկություններ, այն է’ Արմեն Սամվելի Ավետիսյանի անվան դիմաց կատարվել է ներկա գրառում, որն էլ հաստատվել է իր ստորագրությամբ:

Առաջադրված մեղադրանքները և կիրառված խափանման միջոցները 

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝

Մարիամ Իսպիրյան՝ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Այն է՝ Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով։

Արմեն Ավետիսյան՝ 255-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասով։ Այն է՝ Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Սմբատ Լպուտյան՝ 255-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասով։ Այն է՝ Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Ինչպես նաև 445-րդ հոդվածի 1-ին մասով։ Այն է՝ Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment