«Ցմահ», «ՀՀ-ում տարածված է»․ հարցում՝ հոգեմետների իրացման պատիժը խստացնելու մասին

Ազգային ժողովը մայիսի 11-ին ընդունել էր հոգեմետ նյութերի շրջանառությանը վերաբերող նախագիծ, որը խստացնում է սահմանված պատժաչափերը՝ մինչև 20 տարի, իսկ առանձին դեպքերի համար նախատեսում մինչև ցմահ ազատազրկում։ Նախագծի հեղինակն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում հոգեմետ նյութերի թեմային անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը՝ մտահոգություն հայտնելով հատկապես երիտասարդների շրջանում այս արատավոր երևույթի աճի և տարածման հարցում։

Armenia Today-ը հարցում է անցկացրել պարզելու՝ ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերում թմրամիջոցների վաճառքի համար պատիժը խստացնելուն և արդյոք միայն պատժի խստացմամբ հնարավո՞ր է նվազեցնել թմրամիջոցների տարածումը։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը դրական է արտահայտվել պատժաչափերի խստացմանը վերաբերող նոր նախագծին։ Որոշ քաղաքացիներ կարևորել են զուգահեռ կիրառել նաև այլ միջոցներ, օրինակ՝ քարոզչության կամ կրթության միջոցով։

«Պետք է ավելի խստացնել պատիժը, դա մեր երիտասարդներին պատած չարիք է»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Որոշ քաղաքացիների կարծիքով՝ միայն օրենքի խստացումը բավարար արդյունքի չի հանգեցնի, պետք է ճիշտ քարոզչություն կամ կրթական նախագծեր իրականացնել հենց դպրոցներում։

«Բացի խստացումը, պետք է որոշակի քարոզչություն անել, թե ինչքան վատ բան է թմրանյութը և ինչո՞ւ պետք է այն չօգտագործել։ Հավանաբար՝ արվում է, բայց ոչ բավարար չափով՝ դատելով արդյունքներից»,- կարծիք է հայտնել քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի հատկապես խիստ գնահատական է տվել դրա վաճառքով և իրացմամբ զբաղվողներին։

««Ցրողներին»՝ ով վաճառում է, ով այդ բիզնեսի մեջ է՝ ցմահ, իսկ ովքեր հիվանդ են, նրանց պետք է բուժել»,- պնդել է քաղաքացին։

Հարցված մեկ այլ քաղաքացի ասել է, որ ավելի արդյունավետ կլինի, եթե պետությունը պայքարի ներմուծման հարցում, ոչ թե իրացման։

«Մինչև վաճառքը պետք է արգելել դրա ներմուծումը, իսկ վաճառողների համար ամենախիստ պատիժը պետք է գործի»,- տեսակետ է հայտնել քաղաքացին։

Հարցին՝ արդյոք երկրում հոգեմետ նյութերի օգտագործման դեպքերի նվազո՞ւմ, թե՞ աճ է նկատվում՝ քաղաքացիները, հիմնականում, ասել են, որ վիճակագրությանը չեն տիրապետում, ոմանց կարծիքով էլ՝ աճ է նկատվում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։

«Բնականաբար, դեպքերը շատացել են ոչ միայն այստեղ, այլև ամբողջ աշխարհում»,- համոզմունք է հայտնել քաղաքացին։

Հարցվածներից ոմանք խուսափել են պատասխանից՝ նշելով, որ բավարար տեղեկացված չեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment