Սաուդյան Արաբիան առաջարկում է Մերձավոր Արեւելքի երկրների եւ Իրանի միջեւ չհարձակման պայմանագիր կնքել. Financial Times

Սաուդյան Արաբիան դաշնակիցների հետ քննարկել է Մերձավոր Արեւելքի պետությունների եւ Իրանի միջեւ չհարձակման պայմանագիր կնքելու գաղափարը՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո, գրում է Financial Times-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Էր Ռիադը որպես հնարավոր մոդել դիտարկում է 1970-ականների Հելսինկիի  գործընթացը, որը  թուլացրել էր լարվածությունը Եվրոպայում՝ Սառը պատերազմի ժամանակ։

Հելսինկյան համաձայնագրերը ստորագրվել էին 1975 թվականին եվրոպական երկրների, ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի  կողմից՝ միջազգային լարվածությունը նվազեցնելու համար։ Դրանք ներառում էին հետպատերազմյան սահմանների, պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում, վեճերի խաղաղ կարգավորում, տնտեսական համագործակցություն եւ այլ հարցեր։

Սաուդյան Արաբիան ակնկալում է, որ Իրանը ներկայիս հակամարտությունից դուրս կգա թուլացած, սակայն դեռեւս սպառնալիք կներկայացնի հարեւանների համար։ Աղբյուրները նշել են, որ չհարձակման պայմանագիրը քննարկվող գաղափարներից մեկն է միայն։

Եվրամիությունն աջակցում է այս գաղափարին եւ կոչ արել Պարսից ծոցի մյուս երկրներին միանալ դրան, նշել են դիվանագետները։ Եվրոպայում կարծում են, որ այդ պայմանագիրը թույլ կտա խուսափել ապագա հակամարտություններից՝ Թեհրանին  չհարձակման երաշխիքներ տրամադրելով։

Անանուն արաբ դիվանագետը նշել է, որ պայմանագրին կաջակցեն արաբական եւ մահմեդական երկրների մեծ մասը, ինչպես նաեւ Իրանը։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ով կմասնակցի պայմանագրին․ ներկայիս պայմաններում հնարավոր չէ միավորել Իսրայելին եւ Իրանին։ Սակայն առանց Իսրայելի նախաձեռնությունը կարող է անարդյունավետ լինել»,- ասել է դիվանագետը։

Երկու աղբյուր նաեւ կասկած են հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կմիանա պայմանագրին, քանի որ Պարսից ծոցի երկրներից նա ամենաքննադատական  դիրքորոշումն ունի Իրանի նկատմամբ։

Leave a Comment