Սին, Թրամփը և Թուկիդիդեսը — Հայաստանի Հանրային Ռադիո

Այցն աշխարհի ուշադրության կենտրոնում է

2026 թվականի քաղաքական գլխավոր իրադարձությունների շարքում հատուկ տեղ է գրավել Միացյալ Նահանգների ղեկավարի երեկ երեկոյան մեկնարկած պետական այցը Չինաստան:

Պեկինում Դոնալդ Թրամփին այսօր ընդունել են զինվորական պատիվներով: Հնչել են երկու հզոր գերտերությունների օրհներգերը, նախագահներ Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը սիրալիր խոսքեր են փոխանակել:

Ամբողջ աշխարհը հետևում է հանդիպմանը, քանի որ դրա ընթացքում անդրադարձ կլինի ոչ միայն չին-ամերիկյան հարաբերություններին, այլև ռուս-ուկրաինական պատերազմին, Մերձավոր Արևելքին, Հյուսիսային Կորեային և, իհարկե, Թայվանի խնդրին, որը հատուկ նշանակություն ունի Վաշինգտոնի և Պեկինի համար:

Միացյալ Նահանգները մշտապես ընդգծել է, որ ճանաչում է Չինաստանի տարածքային ամբողջականությունը, բայց զենք ու զինամթերք է տրամադրում Թայվանին:

Չինաստանն էլ մշտապես պնդում է, որ Թայվանը պարտադիր պետք է անվերապահորեն ենթարկվի Պեկինին:

Մեկի հաջողությունը մյուսի համար՝ հնարավորություն

Թրամփը Չինաստան է այցելել առաջին նախագահության օրոք՝ 2017 թվականի նոյեմբերին, դրանից հետո գրեթե 9-ը տարի ԱՄՆ նախագահները չեն եղել Պեկինում, և ահա Թրամփը երկրորդ անգամ է մեկնում մի երկիր, որի ղեկավարին անվանում է իր լավ ընկերը: Ակնարկելով, որ սա Թրամփի երկրորդ այցն է, Սին ասել է, թե 2026-ը պետք է դարձնել չին-ամերիկյան կապերի պատմական տարի՝ անցյալը շարունակելու և ապագան բացելու համար։

«Չինաստանի և Միացյալ Նահանգների ընդհանուր շահերն ավելի ծանրակշիռ են, քան մեր տարաձայնությունները: Մեզնից յուրաքանչյուրի հաջողությունը՝ հնարավորություն է մյուսի համար, չին-ամերիկյան հարաբերությունների կայունությունը լավ է աշխարհի համար։ Մեզ ձեռնտու է խաղաղությունը, իսկ առճակատումը վնաս է հասցնում բոլորիս»,- ասել է Սին:

«Մեծ հարգանք Չինաստանի և Ձեր աշխատանքի հանդեպ»

Թրամփը, իր հերթին, գովեստով է խոսել Սիի մասին, նրան անվանելով մեծ լիդեր:

«Մենք միասին հիանալի ապագա ենք ունենալու։ Մեծ հարգանք ունեմ Չինաստանի և ձեր կատարած աշխատանքի նկատմամբ։ Ես բոլորին եմ ասում, որ դուք հիանալի առաջնորդ եք։ Ոմանց դա դուր չի գալիս, բայց ես միևնույն է ասում եմ, որովհետև դա ճշմարտություն է։ Ես միայն ճշմարտությունն եմ ասում»,- ասել է Թրամփը։

Ուշագրավ է Սի Ծինփինի խորիմաստ ակնարկը, որն անմիջապես գրավել է մամուլի և դիվանագետների ուշադրությունը:

Մեծ տերությունների հարաբերությունների նոր մոդել

«Աշխարհը հասել է մի հանգրվանի, երբ բոլորն են հարցնում՝ կարո՞ղ են Չինաստանն ու Միացյալ Նահանգները հաղթահարել այսպես կոչված Թուկիդիդեսի ծուղակը, ստեղծել մեծ տերությունների հարաբերությունների նոր մոդել, միասին աշխատել գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար, կենտրոնանալ երկու ժողովուրդների բարեկեցության և մարդկության ապագայի վրա և համատեղ ստեղծել այդ ավելի լավ ապագան»,- ասել է Սին։

Պելեպոնեսյան պատերազմը՝ սթափեցնող ահազանգ

Հին հույն պատմիչ Թուկիդիդեսը Պելեպոնեսյան պատերազմի մասին աշխատությունում գրել է, թե Աթենքի և Սպարտայի հակամարտության բուն պատճառը Սպարտայի վախն էր Աթենքի քաղաքական և ռազմական հզորացման հանդեպ:

Դա անխուսափելի էր դարձրել մեր թվարկությունից առաջ 431-404 թվականների արյունալի պատերազմը:

Ամերիկացի վերլուծաբան Գրեմ Ալիսոնը 2012 թվականին հեղինակել է «Թուկիդիդեսի ծուղակ» եզրույթը, գրելով, թե Ամերիկայի վախը Չինաստանի քաղաքական, տնտեսական ու ռազմական հզորացման հանդեպ առնվազն տեսականորեն կարող է պատերազմի պատճառ դառնալ:

Թե ինչ սարսափելի հետևանքներ այն կունենա՝ աշխարհը գիտի, դրա համար էլ ուշիուշով հետևում է չին-ամերիկյան գագաթնաժողովին:

Leave a Comment