Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն դիտարկմանը, թե թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում մոտակա օրերին Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին: Վարչապետը նշել է, թե տեղեկություններ չունի մոտակա օրերին Թուրքիայի կողմից Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ, սակայն շեշտել է, որ ինքը շատ կուրախանա, եթե նման բան տեղի ունենա։
«Ուղիղ տեղեկատվություն չունեմ, բայց եթե պարզվի, որ այդպիսի բան կա, ես շատ կուրախանամ: Ես նկատեցի նաև, որ ընդդիմության որոշ շրջանակներ վախի մթնոլորտ են տարածում սահմանների բացման վերաբերյալ։ Նրանց ասածից ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը մի բան էլ լավություն են արել մեզ, որ սահմանը փակել են: Մինչդեռ 30 տարի Հայաստանը միջազգային հարթակներում բողոքել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրեն շրջափակել են։ Անկեղծ եմ ասում, ես չունեմ սահմանի բացման մասին տեղեկություն։ Մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա, և շատ լավ կլինի, որ դա տեղի ունենա, և դա տրամաբանորեն տեղի ունենա։ Երբ դա տեղի ունենա, ես կողջունեմ»,- ասել է վարչապետը՝ շեշտելով, որ դա միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։