
Հայաստանի հնագույն եկեղեցիներից է եղել Սիսիանի Շաղատ գյուղում գտնվող 4-րդ դարի տաճարը, որը մինչև 9-րդ դարասկիզբ եղել է Սյունիքի եպիսկոպոսանիստը։ Ինչպես նշում է վիմագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Հարությունյանը, 9-րդ դարում աթոռանիստը տեղափոխվել է Տաթև, քանի որ այն գտնվում էր ավելի հարմար, ապահով և պաշտպանված վայրում։
Շաղատի եկեղեցին եղել է քառանիստ, գմբեթավոր կառույց, որի հիմքերի վրա հետագայում կառուցված եկեղեցին գործում է մինչ օրս, թեև երկու անգամ անվանափոխվել է․ սկզբում կոչվել է Սուրբ Ստեփանոս, հետո՝ Սուրբ Գրիգոր, իսկ այսօր արդեն՝ Սուրբ Գևորգ։ Արսեն Հարությունյանի խոսքով՝ եկեղեցին այսօր էլ մեծ հետաքրքրություն է ներկայացնում նախատաթևյան շրջանի ուսումնասիրության առումով։
Շաղատի Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասին արժեքավոր փաստեր է թողել պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։ Շուտով Շաղատում կսկսվեն պեղումներ, որոնք նոր լույս կսփռեն հնագույն այս եկեղեցու պատմության վրա։