Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հինգշաբթի՝ մայիսի 14-ին, հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել Պեկին ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար
DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան ղեկավարին Չինաստանի մայրաքաղաքում դիմավորել են պաշտոնական արարողակարգով։ Թրամփը և Սին իրար ձեռք են սեղմել հեռուստատեսային տեսախցիկների առջև՝ Տյանանմեն հրապարակում գտնվող խորհրդարանի շենքում։
ԱՄՆ նախագահն ասել է. «Պատիվ եմ համարում լինել ձեր ընկերը, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կլինեն ավելի լավ, քան երբևէ»։ Թրամփը նաև ասել է, որ երկու երկրներն ունեն «ֆանտաստիկ համատեղ ապագա»։
Սին իր գնահատանքն է հայտնել ԱՄՆ նախագահի այցի համար՝ նշելով, որ հանդիպումը կայանում է այն ժամանակ, երբ «աշխարհը հայտնվել է նոր խաչմերուկում»։ Չինաստանի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ երկու երկրները կլինեն «գործընկերներ, ոչ թե մրցակիցներ», քանի որ դա ոչ միայն շահավետ է երկու կողմերի, այլև «լավ է ամբողջ աշխարհի համար»։
Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ կառավարության և ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք Պեկին են ժամանել Թրամփի հետ։ Դրանց թվում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Apple-ի և Tesla-ի գործադիր տնօրեններ Թիմ Քուքը և Իլոն Մասկը։
Թրամփի և Սի Ցզինպինի միջև բանակցությունների հիմնական թեմաներից մեկը, ենթադրաբար, կլինի ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը հույս ունի, որ Չինաստանը կօգնի Հորմուզի նեղուցի շրջափակման վերացման գործում։ Ռուբիոն նշել է, որ Պեկինը նույնպես հետաքրքրված է այս ռազմավարական կարևոր ջրային ուղու ապաշրջափակմամբ, քանի որ չինական նավերն այնտեղ են մնացել։ Ավելին, Չինաստանի տնտեսությունը տուժում է էներգետիկ ճգնաժամի գլոբալ ազդեցությունից։
ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները, հավանաբար, կկենտրոնանան նաև Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերությունների վրա։ 2025 թվականի հոկտեմբերին Թրամփը և Սին արդեն Հարավային Կորեայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության էին եկել «հեռացնել» չինական հազվագյուտ մետաղների արտահանման խոչընդոտները և նվազեցնել ֆենտանիլային ճգնաժամի պատճառով Վաշինգտոնի սահմանած մաքսատուրքերը։ Առևտրային վեճերի կարգավորումը, ինչպես սպասվում է, կշարունակվի։
Դոնալդ Թրամփի այցը Պեկին կտևի երկու օր։ Վերջին անգամ ԱՄՆ նախագահը Չինաստան է այցելել 2017 թվականին՝ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում։