Սերգեյ Ասատուրովի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Ալեքսանդր Կոչուբաև

Սերգեյ Ասատուրովի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հերթական դատական նիստից հետո  Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի  նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական բնույթ ունի և անմիջականորեն կապված է Լևոն Քոչարյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունների հետ։ Փաստաբանների գնահատմամբ՝ գործի շրջանակում իրականում չի քննարկվում՝ Ասատուրովը կատարել է հանցանք, թե ոչ, այլ փորձ է արվում ճնշում գործադրել Լևոն Քոչարյանի և նրա շրջապատի նկատմամբ։

Պաշտպանությունն ընդգծում է, որ Սերգեյ Ասատուրովը քրեական վարույթում ներգրավվել է նախաքննության ավարտից ընդամենը մի քանի օր առաջ՝ մինչ այդ որևէ քննչական գործողության չենթարկվելով։ Նրանց խոսքով՝ դատական գործընթացի ընթացքում ևս հիմնական ուշադրությունը կենտրոնացած է բացառապես Լևոն Քոչարյանի վրա, մինչդեռ Ասատուրովի գործողությունների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներ գրեթե չեն հնչում։ Պաշտպանական կողմը համոզված է, որ այս ամենը վկայում է քաղաքական հետապնդման մասին։

Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը 2024 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ  բերման էր ենթարկվել, ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ  Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նույն գործով որպես մեղադրյալ է ներգրավված Սերգեյ Ասատուրովը։

Leave a Comment