Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով նախարարությունը կանցկացնի առանձին քննություն՝ հանգամանքները պարզելու և օրենքով սահմանված հետևանքները կիրառելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հիշեցնեմ, որ մինչ այս ստացած ահազանգերին էլ ընթացք է տրվել և դրանք ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ հետագա քննության:
Որևէ դեպք անպատիժ և անհետևանք չի մնալու»,-գրել է նախարարը:
ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով:
«Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո, և ցանկացած նմանատիպ դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների»: