Անտառը բոլորինն է. մայիսի 16-ին՝ մեծ աղբահավաք Երևան-Սևան մայրուղու հարակից տարածքներում. «Էկոսֆերա»

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախաձեռնվում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու միջոցառում, որը տեղի կունենա մայիսի 16-ին։ Ավելի կոնկրետ, կմաքրվեն Երևան-Սևան-Երևան մայրուղուն հարակից անտառածածկ տարածքները՝ սկսած Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրից մինչև Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասն ընկած հատվածը։ Մաքրման աշխատանքներն սկսվելու են ժամը 9։30-ից։

Անտառում աղբը լուրջ վտանգ է ներկայացնում թե՛ բնության, թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց համար։ Մասնավորապես, մեծացնում է հրդեհների վտանգը՝ ապակե շշերը կամ այրվող աղբը կարող են արևի ճառագայթներից հրդեհ առաջացնել։ Բացի դրանից, կենդանիները կարող են ուտել պլաստիկը կամ խճճվել աղբի մեջ։ Էլ չենք խոսում հողի և ջրի աղտոտման մասին. «Էկոսֆերա»-ի հետ զրույցում մանրամասնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլլադա Մելքումյանը։

«Հաճախ մարդիկ չեն գիտակցում, որ անտառում թողած աղբը ոչ միայն անտառի գեղագիտական տեսքն է փչացնում, այլև խաթարում է ամբողջ էկոհամակարգի բնական կենսագործունեությունը։ Օրինակ՝ պոլիէթիլենային թափոնները, որոնք ամենից տարածվածն են, խոչընդոտում են հողի օդափոխությանը, ջրի ներթափանցմանը դեպի ծառերի արմատներ, որն էլ իր հերթին խանգարում է ծառերի բնականոն աճին։ Որոշ թափոններ տարիներ շարունակ քայքայվելով՝ թունավոր նյութեր են արտազատում»։

Բժիշկ Տիգրան Կարապետյանն իր կենսակերպով և բնասեր վարքով ցույց է տալիս, որ անկախ մասնագիտությունից՝ յուրաքանչյուրը կարող է նպաստ բերել բնությանը։ Ասում է՝ ատամնաբուժական կլինիկայում վաղուց պլաստիկ բաժակները փոխարինել են թղթե բաժակներով, դրանք էլ հանձնում են վերամշակման։ Բացի դրանից՝ ակտիվ մասնակցում են թե՛ ծառատնկման, թե՛ մաքրման աշխատանքներին։

«Մեզ կարող է միանալ ցանկացածը, ով ցանկանում է ապրել մաքուր Հայաստանում և իր լուման ներդնել։ Դիմում եմ ծնողներին՝ բերե՛ք ձեր երեխաներին և մանկուց ձևավորե՛ք այս արժեհամակարգը։ Վստահ եմ, որ նմանատիպ միջոցառումներով մենք ի վերջո կկարողանանք մարդկանց մեջ գիտակցություն փոխել»։

Անտառային աղտոտված տարածքների խնդրի լուծման կարևորությունը հաշվի առնելով՝ «Հայանտառը» նախաձեռնել է Երևան-Սևան անտառային տարածքների մաքրման միջոցառումը. մանրամասներ է ներկայացնում Էլլադա Մելքումյանը.

«Անտառային հատվածը, որն այս տարի պլանավորել ենք ազատել աղբից, հանրապետության ամենածանրաբեռնված ճանապարհային ուղղություններից մեկն է։ Խոսքը վերաբերում է Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրից մինչև Սևան-Գավառ ճանապարհահատվածի սկզբնամասն ընկած անտառածածկ տարածքներին։ Մեր կազմակերպության կողմից կապահովվեն անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, պարկեր, բահեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ իրականացվելու է նաև հավաքված աղբի տեղափոխումը աղբավայրեր։ Քանի որ տարածքները գտնվում են մայրուղուն կից հատվածներում, մասնակիցների անվտանգությունը ևս ապահովելու ենք»։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել միջոցառմանը, կարող են գրանցվել «Հայանտառի» էջում տեղադրված հղմամբ կամ դիմել գրասենյակ՝ Արմենակյան 129 հասցեում։ Մասնակցությունը կարող է լինել ինչպես ֆիզիկական ներկայությամբ, այնպես էլ ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներով, սնունդով, ըմպելիքով և այլն։

Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ապահովվելու է։ Ինչպե՞ս մասնակցել միջոցառմանը:

Անհրաժեշտ է նախապես գրանցվել այս հղմամբ՝ Կամ զանգահարել +𝟑𝟕𝟒 𝟗𝟖 𝟕𝟕 𝟔𝟎 𝟐𝟐 հեռախոսահամարով։

Leave a Comment