Հայաստանի ըմբշամարտի հավաքականը փայլուն ելույթներ է ունենում Մ-17 Եվրոպայի առաջնությունում: Մրցաշարային հերթական օրը հայ ըմբիշները նվաճել են 4 մեդալ։
80 կգ քաշայինների պայքարում Վահե Հովեյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշն ընդամենը 32 վայրկյանում փայլուն հաղթանակ է տարել հունգարացի Դոմինիկ Շիլագյիի նկատմամբ՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին:
Զավեն Մեժլումյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Եզրափակչում մեր մարզիկը 3-6 հաշվով զիջել է Ասլան Ձուևին և գրավել երկրորդ հորիզոնականը:
55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը առավելության է հասել Կեվե Կովաչի նկատմամբ:
48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը ևս դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Ավետիսյանը վստահ՝ 10-4 հաշվով հաղթել է Տիմուր Մախարամովին: