Ոստիկանության լիազորությունները և քաղաքացիների իրավունքները․ ի՞նչ է նախատեսում օրենքը

ՀՀ օրենսդրությամբ ոստիկանության հիմնական նպատակը մարդու իրավունքների, հասարակական կարգի և հանրային անվտանգության ապահովումն է։ Միաժամանակ օրենքը հստակ սահմանում է նաև այն սահմանները, որոնցից դուրս ոստիկանությունը չի կարող գործել։

Քաղաքացիների մեծ մասը հաճախ չի տարբերակում՝

  • Ե՞րբ է ոստիկանությունն իրավասու սահմանափակել անձի իրավունքները,
  • Ե՞րբ կարող է կիրառվել ուժ,
  • Ի՞նչ իրավունքներ ունի ձերբակալված անձը,
  • և ի՞նչ պարտավորություններ ունի հենց ոստիկանությունը։

Ի՞նչ խնդիրներ է իրականացնում ոստիկանությունը

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության հիմնական խնդիրներն են՝

  • մարդու անվտանգության ապահովումը,
  • հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը
  • հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը,
  • ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով հետաքննության կատարումը.
  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանն օժանդակությունը.
  • հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանումը,
  • ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը,
  • սեփականության բոլոր ձևերի պաշտպանությունը,
  • քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը օժանդակելը։

Օրենքը հատուկ ընդգծում է, որ ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով։ Սա կարևոր երաշխիք է, որպեսզի ոստիկանությունը չգործի կամայական կամ օրենքով չնախատեսված լիազորություններով։

Ոստիկանությունը պարտավոր է հարգել մարդու իրավունքները

Օրենքը հստակ սահմանում է, որ ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները՝ անկախ`

  • սեռից,
  • ռասայից,
  • սոցիալական ծագումից,
  • քաղաքական կամ այլ հայացքներից,
  • գույքային վիճակից,
  • տարիքից,
  • հաշմանդամությունից,
  • կամ այլ հանգամանքներից։

Այս դրույթը նշանակում է, որ ոստիկանությունը չի կարող տարբեր վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ՝ ելնելով անձնական կամ սոցիալական հատկանիշներից։

Ոստիկանության գործողությունները չպետք է նվաստացնեն մարդուն

Օրենքով ուղղակիորեն ամրագրված է, որ ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն`

  • մարդու կյանքի իրավունքը,
  • ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը,
  • պատիվն ու արժանապատվությունը,
  • սեփականության իրավունքը,
  • և մյուս սահմանադրական իրավունքները։

Օրենքը նաև հստակ արձանագրում է, որ խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Այսինքն՝ նույնիսկ իրավախախտման կասկածի դեպքում անձի նկատմամբ չի կարող կիրառվել նվաստացնող վերաբերմունք կամ անհամաչափ ուժ։

Ե՞րբ կարող է ոստիկանությունը սահմանափակել մարդու իրավունքները

Օրենքը նախատեսում է, որ մարդու իրավունքների սահմանափակումը թույլատրելի է միայն`

  • օրենքով նախատեսված դեպքերում,
  • օրենքով սահմանված կարգով,
  • և անհրաժեշտ սահմաններում։

Միաժամանակ կիրառվող միջոցը պետք է լինի համաչափ։

Սա նշանակում է, որ ոստիկանությունը չի կարող ընտրել առավել խիստ միջոց, եթե նույն նպատակը հնարավոր է ապահովել ավելի մեղմ տարբերակով։ Օրինակ՝ եթե իրավիճակը հնարավոր է կարգավորել բանավոր պահանջով, ապա անհամաչափ կարող է համարվել անմիջապես ֆիզիկական ուժի կիրառումը։

Ոստիկանությունը պարտավոր է ներկայացնել իրավունքները

Եթե անձի ազատությունը կամ այլ իրավունք սահմանափակվում է, ոստիկանության ծառայողը պարտավոր է`

  • մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները
  • ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները,
  • աջակցել իրավունքների իրացմանը

Օրենքը նաև նախատեսում է, որ մարդու խնդրանքով իր իրավունքների վերաբերյալ ծանուցումը կատարվում է գրավոր։

Գործնականում սա կարևոր երաշխիք է, քանի որ քաղաքացին պետք է հասկանա`

  • ինչ հիմքով է սահմանափակվել իր իրավունքը,
  • ինչ իրավունքներ ունի տվյալ պահին,
  • և ինչ գործողություններ կարող է իրականացնել։

Օրենքը հատուկ կարգավորում է ձերբակալված անձանց իրավունքները։

Ոստիկանությունը պարտավոր է ոչ ուշ, քան անձին փաստացի ազատությունից զրկելուց հետո 3 ժամվա ընթացքում իրական հնարավորություն տալ`

  • օգտվելու փաստաբանի օգնությունից,
  • տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին իր ընտրած անձին,
  • հաղորդակցվելու և տեսակցելու փաստաբանի հետ,
  • ցանկության դեպքում ենթարկվելու բժշկական զննման։

Անհրաժեշտության դեպքում ոստիկանությունը պարտավոր է նաև կազմակերպել բժշկական օգնություն։

Կարո՞ղ է ոստիկանությունը հավաքել անձնական տվյալներ

Օրենքով սահմանված է, որ ոստիկանությունն իրավասու չէ հավաքելու, պահելու կամ տարածելու մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ, եթե դրա համար օրենքով նախատեսված հիմք չկա։

Անձնական տվյալների փոխանցումը պետական մարմիններին կամ այլ կազմակերպություններին թույլատրելի է միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում։

Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիսՈստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը․· փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և երկաթուղային կայարաններում,· օդանավակայաններում,· ընտրական տեղամասերում,· այլ հասարակական վայրերում,· դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ)` միջոցներ ձեռնարկելով հասարակական կարգի խախտումները նախականխելու, կանխելու և խափանելու ուղղությամբ:

Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:

Սա կարևոր երաշխիք է՝ պատասխանատվության և վերահսկելիության տեսանկյունից։

Երբ և ինչ սահմաններում կարող է ոստիկանությունը ուժ կիրառել

Օրենքը ոստիկանությանը տալիս է ուժ կիրառելու լիազորություն, սակայն այդ լիազորությունը բացարձակ չէ։

Օրենքը հստակ սահմանում է՝ երբ, ինչ պայմաններում և ինչ սահմաններում կարող է կիրառվել ուժ, ինչպես նաև ինչ պարտավորություններ ունի ոստիկանության ծառայողը նման իրավիճակներում։

Ի՞նչ ուժային միջոցներ կարող է կիրառել ոստիկանությունը

Օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողը կարող է կիրառել երեք տեսակի ուժային միջոց՝

  • ֆիզիկական ուժ,
  • հատուկ միջոցներ,
  • հրազեն։

Սակայն կարևոր է հասկանալ, որ ցանկացած ուժի կիրառում պետք է լինի ոչ թե պատժիչ, այլ բացառապես անհրաժեշտ և իրավաչափ միջոց։

Ուժը չի կարող կիրառվել «ուղղակի ցանկությամբ»

30-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ուժային միջոց կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ առանց դրա հնարավոր չէ ապահովել օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը, և ավելի մեղմ միջոցներն անարդյունավետ են կամ ակնհայտ անբավարար։

Ոստիկանությունը պարտավոր է նախազգուշացնել

Օրենքը նախատեսում է, որ մինչև ուժ կիրառելը ոստիկանության ծառայողը պարտավոր է`

  • ներկայանալ,
  • հայտնել, որ ոստիկանության ծառայող է,
  • նախազգուշացնել ուժ կիրառելու մտադրության մասին,
  • բավարար ժամանակ տրամադրել իրավաչափ պահանջը կատարելու համար։

Միայն բացառիկ իրավիճակներում՝ երբ կա անմիջական վտանգ կյանքի կամ առողջության համար, կամ իրավիճակը թույլ չի տալիս, ոստիկանությունը կարող է ուժ կիրառել առանց նախնական նախազգուշացման։

Ոստիկանությունը պարտավոր է ընտրել նվազագույն վնաս պատճառող միջոցը

Օրենքը հատուկ շեշտում է համաչափության սկզբունքը։

Ուժային միջոց ընտրելիս ոստիկանության ծառայողը պարտավոր է հաշվի առնել`

  • ստեղծված իրավիճակը,
  • իրավախախտման բնույթը,
  • անձի գործողությունների վտանգավորությունը,
  • դիմադրության աստիճանն ու ուժգնությունը։

Սա նշանակում է, որ կիրառվող ուժը պետք է համապատասխանի իրավիճակին և չլինի անհամաչափ։

Բացի այդ, օրենքը պարտադրում է, որ ուժ կիրառելիս ոստիկանության ծառայողը նպատակ հետապնդի հնարավոր վնասը հասցնել նվազագույնի։

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է ոչ միայն ոստիկանության իրավունքներն ու պարտականությունները, այլ նաև այն երաշխիքները, որոնք կոչված են կանխելու անհամաչափ կամ կամայական միջամտությունը մարդու իրավունքներին՝ տեղեկացնում է Iravaban.net–ը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։

 

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Leave a Comment