Մեկդարյա հայկական ռադիոյի ձայնադարանում բացառիկ մի ժապավեն խոսում է 1960-80-ականներին աշխարհի կին տիրակալներից մեկի ձայնով: Նրան համարել են հազարամյակի կին, որը ծնվել է Հնդկաստանի անկախության համար պայքարած Ներուների ընտանիքում. նրա հայրը՝ Ջավահառլալ Ներուն, դարձել է ինքնիշխան Հնդկաստանի առաջին վարչապետը, իսկ հորական պապը՝ Մոտիլալ Ներուն, Հնդկաստանի ազգային կոնգրես կուսակցության առաջնորդներից էր:
Ազատատենչությամբ էին տոգորված նաև Ներուների ընտանիքի կանայք՝ Ինդիրայի տատիկը և մայրը՝ Քամալան, որոնց իշխանությունները մի քանի անգամ ձերբակալել էին:
Իհարկե, խոսքը Ինդիրա Գանդիի մասին է՝ ծնված 1917 թվականին, որի անունը սանսկրիտով նշանակում է գեղեցկություն, վեհություն, նաև լուսին. այն հնդկական Լաքշմի աստվածուհուն տրվող մակդիրն է: Նա հրաշալի կրթություն է ստացել նախ՝ Հնդկաստանի ժողովրդական համալսարանում, որը հիմնել էր մեծագույն հնդիկ բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորը, ապա Օքսֆորդում՝ ուսանելով կառավարում, պատմություն և մարդաբանություն:
1966-ին Ինդիրա Գանդին առաջին անգամ ստանձնեց Հնդկաստանի վարչապետի պաշտոնը: Նա արդեն ամուսնացած էր Հնդկաստանի զրադաշտականություն դավանող, ազգությամբ պարսիկ Ֆերոզ Գանդիի հետ, որն, ի դեպ, ոչ մի ազգակցական կապ չունի Մահաթմա Գանդիի հետ: Ուներ երկու որդի՝ Սանջայը և Ռաջիվը, որը նույնպես դժբախտ ճակատագիր ունեցավ: Ինդիրա Գանդին աշխարհում երկրորդ կին վարչապետն էր. առաջինը Շրի Լանկայի վարչապետ Սիրիմավո Բանդարանայիկեն էր:
1976-ին՝ սրանից ճիշտ 50 տարի առաջ, առաջին և վերջին անգամ նա այցելեց Հայաստան: Հենց այդ ժամանակ էլ, պաշտոնական ընթրիքի ընթացքում, արձանագրվել է նրա խոսքը: Հայաստան կատարած այցից 8 տարի անց նա սպանվեց իր իսկ թիկնազորի կողմից: Այդ երկու թիկնապահները սիկհ ծայրահեղականներ էին. Փենջաբ նահանգում սիկհերը անկախություն էին պահանջում Նյու Դելիից: Թեև հակահետախուզությունը 1984-ի հոկտեմբերի 30-ին զգուշացրել էր Ինդիրա Գանդիին հնարավոր մահափորձի մասին, բայց նա միամտորեն որոշել էր վստահություն ցուցաբերել նրանց նկատմամբ և հաջորդ իսկ օրը սպանվել է: Երկիրը 12 օր սուգ պահեց. նրա մարմինն այրեցին՝ համաձայն ազգային կարգի, և մոխիրը շաղ տվեցին Հիմալայներում ու Գանգես սրբազան գետի ակունքներում, որտեղից Բրահմայի ողորմածությամբ այն հոսում է Հնդկաստանով մեկ։