Հայաստանում վերջին տարիներին համաներման բացակայության պայմաններում կառավարությունը վերանայում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը՝ փորձելով այն դարձնել ավելի արդյունավետ և հիմնված վերասոցիալականացման վրա։ Առաջարկվող փոփոխություններով վերաիմաստավորվում են թե՛ դատապարտյալի վարքագծի գնահատման չափանիշները, թե՛ քրեակատարողական հիմնարկներում տարվող աշխատանքի արդյունավետությունը։Գործադիրը փորձում է հրաժարվել տարիներով ձևավորված պրակտիկայից, երբ վաղաժամկետ ազատման դիմումները հաճախ մերժվում էին միայն տուժողին պատճառված վնասը չհատուցելու պատճառով՝ շեշտը տեղափոխելով նոր հանցանքի ռիսկի, վերասոցիալականացման և անհատական աշխատանքի գնահատման վրա։
Կառավարությունը կատարելագործում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու համակարգը։
Նախագծով հստակ սահմանվում է՝ պայմանական վաղաժամկետ ազատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու ռիսկը ցածր է։ Միաժամանակ գործադիրն ընդգծում է՝ միայն տուժողին պատճառված վնասը չհատուցելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ դատապարտյալի վարքագիծը ոչ պատշաճ գնահատելու համար։ Մինչև այժմ դատական պրակտիկայում հաճախ հենց այս հանգամանքն էր դառնում դիմումների մերժման հիմնական պատճառ։
Արդարադատության նախարարությունն առաջարկում է վնասի հատուցումը դիտարկել որպես դրական վարքագծի դրսևորում։ Ընդգծվում է նաև, որ վնասի չհատուցումը ինքնին չի կարող լինել միակ հիմքը վարքագծի վատ գնահատականի համար։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ տուժողին պատճառած վնասի հատուցումով չի կարելի գնահատել՝ դատապարտյալը նոր հանցանք կկատարի՞, թե՞ ոչ։ Նախարարը կարծում է, որ վնասի փոխհատուցումը ուղիղ կապ չունի նոր հանցանքի ռիսկի հետ։
«Գործնականում դատարանները հաճախ մերժում են անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը, ի թիվս այլնի, տուժողին պատճառված վնասը հատուցած չլինելու պատճառով, ինչը խնդրահարույց է, քանի որ նշված դեպքերում հաշվի չեն առնվում դատապարտյալի աշխատելու և եկամուտ ստանալու սահմանափակ հնարավորությունները»։
Գործադիրում վստահ են, որ առաջարկվող փոփոխությունները չեն փոխում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հիմնական էությունը։ Նոր մոտեցումը փորձում է հավասարակշռել դատապարտյալի վերասոցիալականացումը, տուժողի իրավունքների պաշտպանությունը և վնասի փոխհատուցման կարևորության պահպանումը։
Դատապարտյալների վերասոցիալականացումը գնահատելու համար հատուկ հանձնաժողով է գործում։ Սակայն գործող կարգավորումներում հստակ չի նշվում անհատական վերասոցիալականացման ծրագիր կազմելը։ Ուստի առաջարկվում է յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմել անհատական ծրագիր։ Նաև առաջարկվում է վերասոցիալականացման արդյունքները քննարկել ոչ թե 3-6 ամիս պարբերականությամբ, այլ՝ 3-12 ամիս պարբերականությամբ:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները բխում են տարիների փորձից և արդեն դարձել են ժամանակի պահանջ․ Մեդիա կենտրոնում քննարկման ժամանակ ասում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը։
«Առաջարկվող փոփոխության էությունը կայանում է նրանում, որպեսզի դատապարտյալի կողմից քաղաքացիական հայցի, այսինքն` հանցանքի արդյունքում հասցված վնասի հատուցումը չդիտարկվի որպես նոր հանցանքի հավանականության չափորոշիչ, այլ դիտարկվի որպես պատշաճ վարքագիծ»։
Առաջարկվող փոփոխություններին զուգահեռ ոլորտի մասնագետերը նշում են իրենց մտահոգությունները։ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհանիսյանն կարծում է՝ դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելուց առաջ շեշտը պետք է դրվի նաև ազատազրկվածների հետ ավելի բովանդակային աշխատանքի վրա՝ բացառելով գնահատման համակարգի ձևական լինելը։
«Ես բավականին կարևորում եմ նաև այլ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատվության, այսպես ասած՝ գիտակցումը դատապարտյալին քրեակատարողական հիմնարկից դուրս կյանքին նախապատրաստելու հարցում, որովհետև երբեմն նաև իմ աշխատանքային առնչության արդյունքում այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ վերասոցիալականացումը, կարծես թե վերապահվում է միայն սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժիններին»։
Օրենսդրական փոփոխության հեղինակներն ասում են, որ նախագիծը միտված է կատարելագործելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը:
Հայաստանում վերջին 8 տարիներին համաներում չի իրականացվել, այս պայմաններում ավելի մեծ ուշադրություն է դարձվում այլընտրանքային՝ վերասոցիալականացման գործիքներին։ Այս համատեքստում կառավարությունը փորձում է շեշտը տեղափոխել ոչ թե միանվագ ազատումների, այլ դատապարտյալների աստիճանական վերադարձի և հասարակություն համակարգված վերաինտեգրման վրա։